Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից… Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից… Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանի հրապարակումը.

Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից, որ թերևս իմաստ ունի ընդմիջում տալ, հանգստանալ, և որ այս ամենի մեջ կորչում է հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը»: Ես չգիտեմ, թե Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի՝ հիմա արդեն համարյա օրինականացված թևերից որի՝ «քաղաքակա՞ն», թե «գործարար» թևն է ներկայացնում, և նրա այս դիտարկումը թևերից որի հոգնածության մասին է խոսում, գուցե հոգնել են «երկու թևերն» էլ, բայց այս հոգնածությունը, հավանաբար, նվազեցնում է իրավիճակը ռեալ գնահատելու նրանց հնարավորությունները: ՀՀԿ-ն դեռ որևէ կերպ չի արտահայտվել այն մասին, թե իրենց կողմից ղեկավարվող Հայաստանում ինչպես էր հնարավոր այս խորության և ծավալի հանցավորություն: Նրանք դեռ «զարմանում են», և զարմանալը նրանց «փրկում է» պատասխանատվությունից: Դե ինչ անեն այս մարդիկ՝ նրանք «չգիտեին»: «Չիմանալով»՝ նրանք մեր երկրում հիմա արդեն բարձաձայն բացահայտվող քրեական հովանավորչության ողջ պատասխանատվությունը դնում են «միակ և անկրկնելի» Սերժ Սարգսյանի վրա՝ հավանաբար թաքուն հուհսեր փայփայելով, որ իրենք ջրից չոր դուրս կգան: Սա, իհարկե, սովորական, դարերով փորձարկված և քննություն բռնած դավաճանության տեսակներից մեկն է: Ինչպես միասին երկիրը թալանելով դավաճանում էին մեր հայրենիքին, մեր հասարակությանը, այդպես էլ հիմա գործնական թալանից և հանցագործությունների շղթայից բանավոր խոսքով ինքնօտարվելով՝ դավաճանում են իրենց տանիքին: Ինչն իրականում միայն հաստատում է մարդկային արատավոր հարաբերությունների օրինաչափությունը: Իսկ գլխավոր «արդարադատը», ով ՀՀ արդարադատության թե տեսաբանն էր, թե քաղաքականության մշակողը, թե գործադիրը, թե խորհրդատուն, թե մեկնաբանը, թե բոլորիս «բացատրողը», անմեղ աչուկներով շարունակում է խորհուրդներ տալ մի կողմից ՀՀԿ-ին, մյուս կողմից նոր իշխանություններին՝ «տագնապելով» երկրի արդարադատության համար (!!!!): Արդարադատության (!!!!): Իր իշխանության շրջանում չէր տագնապում, լավ գիտեր «արդարադատության» գինը և սիրում, փայփայում ու հանդուրժում էր այն: Իշխանության կրքի բավարարումից և «փող, շատ փող»-ից, «պակատ, շատ պալատներ»-ից զատ այդ գնի մեջ էր մտնում նաև երեկ ԱԱԾ-ի բնութագրած «ցոփ ու շվայտ՛» կյանքը, կոպիտ ասած՝ խաղամոլությունը, նարկոմանիան, կրակելու, սպանելու, վիրավորելու, խփելու, ենթարկելու իրավունքը: Նույնիսկ գողացածն ու թալանածն այս կերպ մսխելն է տարօրինակ՝ սրանում երջանկություն, կյանքի, ապրելու ուրախություն կա՞: Այդ «արդարադատության» գնի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մարդու բնական առաքելությունը՛՛՝ արարումը:

Հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» նրանք յուրովի են հասկանում՝ «սեր և հանդուրժողականություն», ներողամտություն հանցագործների և հանցագործությունների նկատմամբ: Մոռանալով, ինչպես միշտ, որ պետական հովանավորությամբ հանցագործությունը տեսություն չէ, շատ գործնական իրողություն է, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել է անտառներից, ոռոգման ջրից, անապատանում է, երեսուն տարի շարունակ մեր երկրի բնակչության կեսից ավելին աղքատացել, տգիտացել, անգրագիտացել, խեղճացել, նվաստացել են,երկիրն ու մարդկանց հոգիներն ամայացել են, երկիրն արյունաքամ է եղել արատագաղթից, անիրավությունից, պատվի պակասից, դեֆորմացվել է Հայաստանի ծայրահեղ բևեռացված բնակչության ողջ հասարկական կյանքը:

Հեղափոխությունում «սեր և հանդուրժողականություն» փնտրող Վահրամ Բաղդասարյանը և «այս ամենից» հոգնած ՀՀԿ-ն փաստորեն «սեր և հանդուրժողականություն»են պահանջում հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ:
Գուցե նա/նրանք իրավացի՞ է/են, գուցե հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը կսթափեցնի՞ նրանց, գուցե այդ սիրո մթնոլոտում նրանք կտեսնե՞ն, թե ինչի են հասցրել մեր երկիրն ու հասարակությունը: Եվ ի՞նչ կհաջորդի սրան՝ հանցագործը իր կամքով կդառնա՞ օրինավոր քաղաքացի, գործատուն կհարգի՞ աշխատողի շահերը, պլանտատորը կկիսի՞ ոռոգման ջուրը սակավահող գյուղացու հետ, կանհետնա՞ն ցուպիկները կաթնամթերք մշակողների արտադրանքից, ուսուցչի աշխատավարձը կբարձրանա՞: Գուցե: Գուցե այո, բայց միայն այն դեպքում, երբ բացվեն բոլոր խաղաքարտերը, երբ իշխանությունն իրացրածները/փաստացի ինքնիրավչությամբ իշխանությունը յուրացրածները կամավոր խոստովանեն, որ այո, երկիրն իրենք են հասցրել ամայացման, որ երկրի փոխարեն իրենց են տեսել, իրենց են մարդ համարել, որ երկիրը ընդամենը ռեսուրս են գնահատել, կամավոր հրաժարվեն…և, իհարկե, չխանգարեն: Չխանգարեն երկրում օրինական հարաբերությունների կառուցմանը և մարդու արժանապատվության վերականգնմանը: Այսպիսի բան լինու՞մ է: Առանց կոշտ լծակների կիրառման արտօնյալնեը արտօնություններից հրաժարվու՞մ են: «Սիրում և հանդուրժու՞մ են» միմյանց և ոչ միայն միանյանց:

Թվում է օրվա խնդիրը նոր իշխանություններին արտօնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է: Սա էլ է սիրո և հանդուրժողականության մշակույթի մաս:



Նման նյութեր