Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.
Չնայած դեռ շուտ է խոսել այս թեմայից, բայց ինձ մի հարց է հետաքրքրում: Էն քաղաքական ուժերը, որոնք այս օրերին քիչ է մնում երդվեն, որ «իրավիճակի փոփոխությունն» իրենց մանկական երազանքն է եղել, ի՞նչ դիրքավորմամբ են հանդես գալու հայտարարվող արտահերթ ընտրություններում: Ընտրազանգվածի, ո՞ր շերտի ձայները ստանալուն են հավակնելու: Ընտրազանգվածի այն շերտը, որն իրեն համարում է «թավշյա հեղափոխության» արժեքների կրողը ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմին: Փաշինյանին ընդդիմացողների ձայները բաշխվելու են ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Արդ ի՞նչ ակնկալիքով են այսօր Փաշինյանին հավատարմության երդում տալու պատրաստ ուժերը մասնակցելու ընտրություններին:
Փաշինյանին հրապարակային չի շողոքորթել միայն ՀԱԿ-ը, որն ընտրությունների ընթացքում հանրությանն ասելիք կունենա հենց նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, իսկ մնացածն ի՞նչ են անելու: Նորից անցնելու են րաֆֆիհովհանիսյանական նախընտրական «տոռգ»-ին, թե ուղղակի չեն մասնակցելու ընտրություններին: Զինված քաղաքական պայքարի կողմնակիցներն ի՞նչ հույսով են մասնակցելու ընտրություններին, թե այս անգամ էլ հայտարարելու են, որ ընտրություններին մասնակցելով հարց չի լուծվի և օրերից մի օր Բ26-ից Օսիպյանին գերի վերցրած լայվ են մտնելու և հայտարարեն, որ այլևս իրենք են իշխանության:
Պարզ է չէ՞, որ հասարակությունը չի ընկալելու Փաշինյանի ղեկավարած թիմից բացի այլ «փաշինյանական մոտեցում»: Հետևաբար այն ուժերն ովքեր այսօր Նիկոլի ասածներն ու արածները Նիկոլի թիմից բարձր են թմբկահարում, որպես ակունք իմաստնության և «ժողովրդի թեկնածուի» անվերապահ վստահության մասին են խոսում արտահերթ ընտրություններին, կա՛մ Նիկոլի ցուցակի վերջից պետք է գան, կա՛մ ուղղակի չմասնակցեն ընտրություններին:
Իսկ նրանք, ովքեր շարժման ժամանակ «երրորդ ճանապարհ» էին տեսնում, բայց հենց Նիկոլն հաջողեց դարձան ահաբեկչի ազատության երաշխավոր ու բանից պարզվեց, որ իրենք էլ «հեղափոխության թիկունքն են պահել», եթե միայնակ մասնակցեն մի տոկոսի էլ չեն հասնի ու հիմա ստիպված են լինելու «Նիկոլի թրի տակով անցնել» ու համակերպվել նախընտրական ցուցակում ոչ պատվաբեր տեղերում հայտնվելուց:
Մի խոսքով շատ հետաքրքիր և թարմ քաղաքական դիակներ ենք ունենալու շատ շուտով, որից հետո կարելի է մտածել «պարզաջրված» քաղաքական դաշտում գործունեություն ծավալել չծավալելու մասին: