Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հարցերը, որոնք իրենք քննարկում են այս օրերին.
«Նախ պետք է հասկանալ, որ կա հնարավորություն՝ ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր և արտահերթ ընտրություններ, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք առաջադրում կատարել, թե՞ ոչ, և եթե այո, ապա որոշենք թեկնածուին։ Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք, մենք քննարկումներ այդ առումով դեռևս չենք ունեցել, որովհետև դեռևս առաջին հարցի պատասխանը չունենք։ «Ելք» խմբակցությունում քաղաքապետի ցենզին համապատասխանող յուրաքանչյուր անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել, բայց այդ քննարկումը պետք է կայացվի»։
Խաժակյանը հստակեցրեց՝ իրենք և ՀՀԿ խմբակցությունն առաջադրում չեն կատարում, ապա որևէ թեկնածու չառաջադրվելու դեպքում կամ թեկնածուի առաջադրման և բավարար ձայն չհավաքելու դեպքում՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը և 30-40 օրվա ընթացքում նշանակում արտահերթ ընտրություններ։
«Վաղը լինելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որտեղ որոշելու են քաղաքապետի ընտրության օրը և ժամը, որը պետք է լինի 14-30 օրվա ընթացքում։ 14 օրվա ընթացքում պետք է լինեն առաջադրումներ, եթե առաջադրումներ չլինեն, ապա կառավարությունը պետք է կրճատի ավագանու ժամկետը, և լինեն նոր ընտրություններ։ Եթե լինի առաջադրում, և նշանակված օրն ընտրությունը չկայանա, այսինքն՝ թեկնածուն կամ թեկնածուներից մեկը չհավաքի բավարար թվով ձայներ, ապա կառավարությունը կրկին կրճատելու է ավագանու ժամկետը և 30-40 օրվա ընթացքում նշանակելու է համաքաղաքային ավագանու ընտրություններ»,- պարզաբանեց նա։
Նա նշեց, որ Տարոն Մարգարյանի դիմումը դեռևս 2 շաբաթ առաջ է գրվել, պարզապես պարզաբանելու որոշակի հարցեր են եղել մինչև դիմումի հրապարակումը. «Խոսքն այն հրաժարականի մասին է, որի մասին ես այն ժամանակ խոսում էի։ Այն ժամանակ Արթուր Գևորգյանը նշում էր, թե քաղաքապետը եկել է, ինչ-որ հանդիպումներ է ունեցել, բայց այդ հանդիպումներից որևէ նկար չկար։ Քաղաքապետարանի գործադիրի նիստը կրկին Տարոն Մարգարյանը չի վարել, այլ վարել է առաջին տեղակալ Կամո Արեյանը, և այդ ընթացքում նա փաստացի պաշտոնավարում չի իրականացրել, նույնիսկ, եթե եղել է իր սենյակում։ Տարոն Մարգարյանը հասկացավ, որ օրեր շահելը, ձգձգելն անիմաստ է, և որոշեց այդ հրաժարականը տալ: Այդ ընթացքում, համոզված եմ, նա փորձում էր լուծումներ գտնել, կապեր հաստատել, և դա տևեց երկու շաբաթ, ու պարզվեց, որ իր հնարավորությունները սպառված են»։
Հարցին՝ երևանյան թավշյա հեղափոխություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է լինելու Նիկոլ Փաշինյանն այդ հեղափոխության ընթացքում, Խաժակյանը պատասխանեց. «Երևանում թավշյա հեղափոխություն արդեն եղել է, և թեկնածուները կլինեն կամ այս 30 օրերի ընթացքում, կամ սեպտեմբերի մեջ, բայց երկու դեպքում էլ Երևանի քաղաքացիներն այդ ընտրությունը պետք է կատարեն»։
Ինչ վերաբերում է չարաշահումներին, Խաժակյանն ասաց, որ «Երևան» հիմնադրամից բացի, կան նաև տրանսպորտին վերաբերող խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն. «Պիտի պարզաբանվի՝ այն ավտոբուսները, որոնք շահագործման դուրս չեկան, որ չվնասեն իրենց միկրոավտոբուսներին, ի՞նչ եղավ այդ հարցը, կամ «Տարոն և Ռոբերտ» ՍՊՆ-ն ինչպիսի՞ կապվածություն ուներ քաղաքապետարանի հետ»։
Հարցին՝ կա՞ մտավախություն, որ նոր Հայաստանում հին մեթոդներով կընտրվի քաղաքապետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այլևս հնարավոր է հին որակի ընտրություններ անցկացնել: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին, կարծում եմ, եթե խոսքը վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ՀՀԿ-ն այդքան ողջախոհություն կունենա և չի առաջադրի քաղաքապետի թեկնածու կամ ավագանու ցուցակ: Ավագանու ՀՀԿ-ի ցուցակը նայելիս՝ հասկանում ես, որ մի մասը մտավորականներ են, որոնք այս բացահայտումների արդյունքում չեն ցանկանում առաջադրվել որպես ավագանու թեկնածու ՀՀԿ ցուցակով, իսկ մնացածը, չեմ կարծում՝ այնտեղ լինեն հինգից ավելի ավագանու անդամներ, որոնք կցանկանան լինել ավագանի: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն ողջամտություն կդրսևորի և ուղղակիորեն չի առաջադրվի ավագանու ընտրություններին»:
Ռազմիկ Մարտիրոսյան