Ամորձապարկը կամ փոշտը մաշկային ծալք է, որն իր մեջ է ներառում ամորձիները: Ամորձապարկի հաստության մեջ են գտնվում նաև ամորձին սնուցող անոթները և նյարդերը: Փոշտի երակների փոփոխությունների հետևանքով էլ առաջանում է վարիկոցելե:
Վարիկոցելեն հանդիպում է երիտասարդների շուրջ 20%-ի մոտ և հասուն տղամարդկանց շուրջ 15%-ի մոտ: Վարիկոցելեն հիմնականում զարգանում է սեռահասունության շրջանում: Կապված ամորձիների և ամորձապարկի անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններից՝ վարիկոցելեն ավելի հաճախ լինում է ձախակողմյան: Հիվանդությունը հազվադեպ է գրանցվում երկու կողմից: Ընդ որում վարիկոցելեն ոչ բոլոր դեպքերում է ազդում սերմի արտադրության վրա:
Տղամարդու վերարտադրողական համակարգի կարևորագույն օրգանները ամորձիններն են, որտեղ առաջանում և կուտակվում են սպերմատոզոիդները: Այստեղ է սինթեզվում նաև տեստոստերոնը: Սեռական հարաբերության կամ օնանիզմի ժամանակ սպերմատոզոիդները սերմնալարով ամորձուց անցնում են շագանակագեղձ, որում խառնվում են գեղձում արտադրվող սերմնահեղուկի հետ: Առաջացած խառնուրդը իրենից ներկայացնում է վերջնական սերմը, ինչն էլ դուրս է ժայթքում առնանդամից՝ միզուկի միջոցով:
Որո՞նք են վարիկոցելեի առաջացման պատճառները
Ամորձին փոշտի մեջ «կախված» է սերմնալարից, ինչը բաղկացած է ամորձին սնող անոթներից (զարկերակ և երակ) ու նյարդից: Երակների մեջ առկա են փականներ, որոնք նորմայում փակվում են մի ուղղությամբ և խոչընդոտում են արյան հետհոսքը երակով: Այս երակային հյուսակը փոքր-ինչ հովացնում է դեպի ամորձի զարկերակով գնացող արյունը, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ սպերմատոզոիդների հասունացման համար:
Վարիկոցելեի առաջացման հիմքում ընկած է երակների լայնացումը ու փականների աշխատանքի անբավարարությունը: Փականի անբավարարության հետևանքով տեղի է ունենում արյան որոշ քանակի հետհոսք և կուտակում երակներում: Սա բերում է երակների լայնացման և ամորձու արյան շրջանառության խանգարման:
Երակների փականների անբավարարության առաջացման բուն պատճառները և նախատրամադրող գործոնները հաստատված չեն, սակայն պետք է նշել, որ վարիկոցելեն առաջանում է աստիճանաբար և սկզբնական շրջանում կարող է չանհանգստացնել:
Վարիկոցելե . հիմնական ախտանշանները
Վարիկոցելեն կարող է ընթանալ անախտանիշ: Սակայն հնարավոր են նաև որոշ նշանների առաջացում, որոնք հիմնականում դրսևորվում են հիվանդության ուշ փուլերում՝
- Ամորձու, ամորձապարկի այտուցվածություն
- Ամորձապարկի երակների տեսանելի լայնացում
- Կրկնվող, բութ ցավ ախտահարված ամորձու շրջանում
Բարդությունները՝
- Ամորձիների ատրոֆիա – սկսում է զարգանալ արյան շրջանառության վատացման և ամորձիների սնուցման խանգարման պատճառով:
- Անպտղություն – ի հայտ է գալիս տեղային ջերմաստիճանի բարձրացման և սնուցման խանգարման պատճառով:
Վարիկոցելե և անպտղություն
Ամենավտանգավոր բարդությունը անպտղությունն է: Վարիկոցելեն հանդիպում է առաջնային անպտղությամբ տառապող տղամարդկանց 35-45%-ի և երկրորդային անպտղությամբ տառապող տղամարդկանց 45-80%-ի մոտ:
Անպտղությունը առաջնային է համարվում, եթե զույգին չի հաջողվում երեխա ունենալ կանոնավոր սեռական կյանքի առնվազն մեկ տարվա ընթացքում: Երկրորդային անպտղության դեպքում զույգին չի հաջողվում երեխա ունենալ նախկինում հաջողված փորձից հետո:
Ինչպե՞ս են ախտորոշում վարկոցելեն
Վարիկոցելեն ախտորոշվում է ֆիզիկական զննության ժամանակ: Բացի ֆիզիկական զննություննից, բժիշկը կարող է իրականացնել նաև ամորձու ուլտրաձայնային հետազոտություն՝ երակների և արյան շրջանառության վիճակը պարզելու համար:
Կախված վարիկոցելեի արտահայտվածության աստիճանից և երակների չափերից՝ վարիկոցելեն դասակարգվում է երեք աստիճանի:
Բուժման մեթոդները
Վարիկոցելեն միշտ չէ, որ բուժում է պահանջում: Բուժումը իրականացվում է, եթե առկա է ցավ, հնարավոր է ամորձու ատրոֆիա, հնարավոր է անպտղության առաջացում: Ընդ որում ինչքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել սերմի նորմալ արտադրությունը և կանխարգելել բարդությունները:
Բուժման մեթոդը որոշում է մասնագետը՝ գնահատելով հիվանդի վիճակը: Այն կարող է լինել ինչպես կոնսերվատիվ (հատուկ ներքնաշորի կրում), այնպես էլ վիրահատական (վնասված երակների հեռացում կամ էմբոլիզացիա): Վիրահատական բուժման հիմքում ընկած է արյան հոսքի ուղղումը ախտահարված երակներից դեպի նորմալ երակները: