Լողափային սեզոնին տաք ավազի վրա բոբիկ քայլելը շատերի գլխավոր հաճույքներից մեկն է: Հանգստացողները դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չեն տեսնում, սակայն, ինչպես մասնագետներն են պնդում, հողաթափերը ամառային հանգստի ժամանակ անփոխարինելի բաղկացուցիչ են, որ կարող են պահպանել վտանգավոր բակտերիաներից և սնկերից:
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մաշկավեներոլոգ Սահակ Հակոբյանը, քերծվածքների և թափանցող վերքերի դեպքում ավելի լավ է հրաժարվել լողափում բոբիկ քայլելու ցանկությունից: Հակառակ դեպքում հնարավոր է վարակվել ստաֆիլոկոկով, ինչպես նաև այնպիսի մաշկային հիվանդության զարգացման հետ բախվել, ինչպիսին պիոդերմիտն է՝ թարախային մաշկաբորբը:
Փորձագետը կոչ է անում լողավազանում և հանրային բաղնիքում ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին: Սնկերով չվարակվելու համար պարտադիր պետք է հողաթափեր հագնել: Հակառակ դեպքում հաճելի հանգիստը կարող է վերափոխվել բժշկի մոտ խորհրդատվության: