Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին. armeniasputnik.am

Հյուսիսային Օսեթիայում բնակվող և մեծ հաջողությունների հասած բժիշկը փնտրում է 1988 թվականի երկրաշարժից փրկված մի աղջնակի, որի հետ բաժանումը չի կարողանում մոռանալ մինչև այսօր։ Այս մասին գրում է armeniasputnik-ը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատկերը շատերի հիշողությունից չի ջնջվում։ Այդ սարսափելի օրերը չեն մոռանում ոչ միայն աղետից տուժածները, այլ նաև նրանք, ովքեր այդ օրերին Հայաստան ժամանեցին օգնության ձեռք մեկնելու: Բժիշկ Կազբեկ Կուզդաևը նույնպես շատ լավ է հիշում 1988 թվականը։ Երկրաշարժից 28 տարի անց բժիշկ Կազբեկ Կուզդաևը, որն ապրում և աշխատում է Վլադիկավկազում, ֆեյսբուքյան իր էջում մի սրտառուչ գրառում է կատարել։

«Կուզեի իմանալ այն աղջնակի մասին, որի ոտքն անդամահատել էին մեր ժամանումից առաջ, և պատրաստվում էին անդամահատել նաև աջ սրունքը: Երկրաշարժի ժամանակ էր: Մեզ հաջողվեց պահպանել փոքրիկի աջ ոտքը: Հասկացել էր, որ ես պատրաստվում եմ վերադառնալ Կուրգան, մորը ստիպել էր զարդարել հիվանդասենյակը, իր գլխին էլ թագ էր դրել ու մորն ասել էր` բժիշկը կտեսնի, թե մեզ մոտ ինչքան սիրուն է, ու կցանկանա մնալ այստեղ: Բաժանումը ծանր էր»,- գրել է բժիշկը:

pizap-com14776436920581

Հայաստանին օգնության ձեռք մեկնած բժիշկի ցանկությունն իմանալով՝ այդ ցանկությունն ի կատար ածելու իղձն այնքան մեծ էր, որ որոշեցի գրել բժիշկին՝ իմանալու համար բժիշկի հայաստանյան ոդիսականի մասին:

Զրույցի ընթացքում բժիշկը պատմեց, որ դեկտեմբերի 9-ին՝ երկրաշարժից 2 օր անց, Իլիզարովի անվան վերականգնողական տրավմատոլոգիայի ու օրթոպեդիայի ինստիտուտի մասնագիտական խմբով Կուրգանից ուղևորվել էր Հայաստան: Անմիջապես օդանավի մեջ 18 հոգանոց խումբը բաժանվել էր 3 խմբի: Խմբերից մեկը, որը ղեկավարում էր Կազբեկ Կուզդաևը, մեկնել էր Երևանի Միքայելյանի անվան ինստիտուտ:

5282818

«Առաջին 10 օրվա ընթացքում ես 33 վիրահատություն կատարեցի: Միկրովիրաբուժության բաժանմունքում գրեթե բոլորն իմ հիվանդներն էին: Անասելի ցավի, ողբերգության, տառապանքի, հերոսացման ու անքուն գիշերների օրեր էին: Այդ ժամանակամիջոցում ես ռեկորդ սահմանեցի՝ 13 վիրահատություն առավոտյան 9-ից մինչև հաջորդ օրվա առավոտվա 6-ը։ Արդյունքում 2 հիվանդի վերջույթ հաջողվեց փրկել. մեկի ոտքն էր ամբողջովին կտրված, մյուսի` ձեռքը»,- պատմեց բժիշկը՝ նշելով, որ Հայաստանում է մնացել մինչև դեկտեմբերի 31-ը, ապա 2 ամիս անց վերադարձել է՝ Իլիզարովի ապարատը հանելու համար:

Բժիշկն ուղարկեց նաև այդ օրերին վիրահատված հիվանդների լուսանկարներն ու այդ նույն լուսանկարը՝ փոքրիկ աղջկա հետ:

«Սա միայն Հայաստանում այդ ընթացքում կատարած վիրահատությունների մի մասն է, որոնք հասցրել եմ լուսանկարել: Գրեթե բոլորին եմ հիշում, բայց ավելի շատ այդ աղջկա մասին եմ մտածում ու ուզում իմանալ։ Նրա հետ բաժանվելն էլ անչափ ծանր էր։ Փաթաթվել ու լաց էինք լինում: Այնպես ամուր էր փաթաթվել, որ մայրը չէր կարողանում բաժանել»,-ասում է բժիշկը:

5282887

Հ.Գ. Sputnik Արմենիան փնտրում է նկարում պատկերված աղջկան։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ճանաչում են այս փոքրիկին, դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 600-130, + (37410) 600-131։

Արմենուհի Մխոյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: