Այսօր նիհարելու համար ընդունված մարտավարություններից մեկն այն է, որ հարկավոր է ուտել ափսեի պարունակության միայն կեսը, իսկ մնացածը թողնել հետոյի: Սակայն դա ոչ միայն կարող է չնպաստել քաշի կորստին, այլեւ հակառակ արդյունքն ունենալ: Միչիգանի համալսարանի մարքեթինգի հարցերով հետազոտողները նշում են, որ նման մարտավարության արդյունքում սննդի ընդունումը միայն մեծանում է:
Գիտնականների կարծիքով՝ նիհարելու համար նման դիետան հաճախ մարդկանց մոտ սխալ տպավորություն է թողնում, որ իրենք չեն հագենում, ինչի արդյունքում իրենց «պարգեւատրում» են սննդի ավելորդ չափաբաժնով կամ ֆիզիկական վարժություններ չեն անում:
«Մենք գիտենք, որ չափաբաժնի ավելացումը մեծացնում է դրա սպառումը, իսկ չափաբաժնի զգալի ավելացումը նաեւ հանգեցնում է նրան, որ ավելի ու ավելի շատ թերմացք է մնում: Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ սնունդը, որ մարդը չի կերել, կարող է զգալի ազդեցություն ունենալ ընկալման, էմոցիաների, մոտիվացիայի եւ առողջության հանդեպ վերաբերմունքի վրա»,- պնդում է հետազոտության հեղինակներից Միչիգանի համալսարանի Ռոսսի բիզնես դպրոցից Արադհնա Կրիշնան:
Նա Հարավային Քարոլինայից Լինդա Հագենի հետ հինգ հետազոտություն է անցկացրել՝ հասկանալու համար, թե ափսեում սննդի մնացորդն ինչպես կարող է խեղել սննդում մեր սեփական սովորույթների ընկալումը: Անկախ նրանից, թե որքան է մարդը կերել, եթե ափսեի մեջ մնացած ուտելիքը բավական շատ է, մարդկանց թվում է, որ այնքան էլ շատ չեն կերել: Այս մոլորությունն ուղղակի ազդեցություն է ունենում հետագա ժամերին կամ նույն օրերին մարդու կենսակերպի վրա:
Այն մարդկանց մոտ, որոնց ափսեում ավելի շատ ուտելիք է մնացել, ավելի շատ են իրենց առողջության համար վնասակար սնունդ կամ հետագայում ավելի շատ չափաբաժին թույլ տվել, քանի որ կարծել են, որ «արժանի» են դրան:
Նույն կերպ նրանք, որոնց ափսեում այնքան էլ շատ ուտելիք է մնացել, ավելի քիչ են հակված եղել ֆիզիկական վարժություններ կատարել, քան նրանք, որոնք կերել են ափսեի ամբողջ պարունակությունը, եթե նույնիսկ նրանք միեւնույն քանակությամբ սնունդ են ընդունել: