Նարեկ Սամսոնայնի հրապարակումը.
«Վաղ արձանագրումներ Երևանի ավագանու ընտրություններից
Երեկ տեղի ունեցած ընտրությունները վերջին 25 տարիների բոլոր ընտրություններից տարբերվում էին ընտրակաշառքի և լարվածության բացակայությամբ և բնույթով ժողովրդավարական էին: Պարզվեց, որ ընտրողների սոցիալական վարքը իրական փոփոխության է ենթարկվել և սրանից ամենամեծ հետևությունները պետք է անեն քաղաքական ուժերը: Եթե ոչ ժողովրդավարական ընտրություններում հնարավոր է ներկուլիսային պայմանավորվածությունների գնալ և ապահովել սեփական տեղը քաղաքական դաշտում, ապա ժողովրդավարական ընտրությունները դա չեն խոստանում և երեկվա գրանցված արդյունքները ասվածի խոսուն ապացույցն են:
ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքի քաղաքական ուժերն ու ՀՅԴ-ն վերջնական քաղաքական գերեզմանոցում չհայտնվելու համար պետք է անհապաղ դուրս գան Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, քանի որ երեկվանից հետո նույն հաջողությամբ իրենց փոխարեն կարող է լինել ցանկացած երևույթ (օրինակ ծառեր կամ ցանկացած այլ բուսական երևույթ): Պետք է ընդունել պարտությունն ու խորապես գիտակցել այն պարզ իրողությունը, որ այս արդյունքները անցած 4 ամիսների իրենց վարած քաղաքականության պտուղներն են (սրան առանձին կանդրադառնամ): Հարկավոր է հասկանալ, որ ԲԱՑԱՌԱՊԵՍ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին են պատկանում «հեղափոխության» դափնիները և ցանկացած փորձ դրան փայ մտնելու հենց սենց խղճուկ տոկոսների են հանգեցնելու:
Նիկոլ Փաշինյանի թեկնածուն իրավացիորեն հաղթեց և անկախ այն հանգամանքից, որ երբեք չեմ համակրել ու չեմ էլ համակրելու հաղթած թեկնածուին միևնույն է փաստ, որ այսօր Երևանի քաղաքապետի պաշտոնում Երևանցին տեսավ հենց իրեն, ինչի համար երիցս շնորհավորում եմ ՔՊ թիմին:
Մասնակցության ցածր լինելը իհարկե վատ է, իհարկե այս ընտրությունների արդյունքներով չի կարելի ասել, որ Փաշինյանը վայելում է Երևանցիների գերակշիռ մեծամասնության աջակցությունը, բայց, կներեք, դա կարող ենք ասել մենք, որ ընտրություններին ներգրավված չէինք և բնավ պարտավոր չէինք ընտրազանգված մոբիլիզացնելու, բայց այ էդ ընտրություններին մասնակցած և հատկապես չմասնակցած քաղաքական ուժերը` կուսակցությունները բարոյական իրավունք չունեն դա շահարկելու: Մասնակցեիք ու մոբիլիզացնեիք ձեր ընտրազանգվածը պարոնայք: Հիմա մեծ-մեծ խոսելու իրավունք չունեք, դուք պարտված եք և վերջ:
Հ.Գ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը Երևանի ընտրություններում ընտրողների 43 տոկոսի 80 տոկոսանոց «համաձայնությամբ» հիմնավորելը խիստ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին: ՏԻՄ ընտրություններով, այն էլ այսքան ցածր մասնակցությամբ համապետական արտահերթ ընտրություններ հիմնավորելը հիմնազուրկ է և բացի բավականին մեծ հուզական ցանկությունից այլ տրամաբանության չի ենթարկվում»: