Ներկայումս Երևանի ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային» կազմում է 15 մլրդ դրամ, բայց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում, և շատ հնարավոր է՝ մոտ ժամանակներում այդ պարտքի հարցը լուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Երևան ՋԷԿ»-ին պատկանող որոշակի պետական միջոցներ կան, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք «Գազպրոմին» փոխանցվել են անհատույց օգտագործման, դրանց վաճառքը կձևակերպվի, և պարտքի մարում կլինի»,- հայտնեց նա: Գ. Բաղրամյանը նաև հայտնեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է և՛ սահմանի վրա գազի գնի, և՛ ներքին սակագնի ձևավորման հարցերը: Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի անվտանգության և փակման հարցերին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել միայն այն ժամանակ, երբ կլինեն համարժեք հզորություններ. «Չի բացառվում, որ համարժեք հզորությունը լինելու է նաև նոր ատոմակայանի կառուցումը»,- ասաց նա:
– Կառավարությունն այժմ էներգետիկ անվտանգության ապահովումն իրականացնում է 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությամբ: Վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ են եղել տարածաշրջանային առումով: Էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգի ընդունման անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
– Եթե տեղյակ եք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդհանուր էներգահամակարգի երկու հիմնարար փաստաթուղթ էր ընդունել: Դրանք ցանցային կանոններն են, որ ընդհանուր էներգահամակարգի տեխնիկական փոխհարաբերություններն են կարգավորում, և առևտրային կանոնները, որոնք արդեն ֆինանսական փոխհարաբերություններն են կարգավորում՝ պայմանագրային դաշտը: Ցանցային կանոններով նախատեսված է, որ յուրաքանչյուր 10 տարվա համար մշակվելու է և պարբերաբար թարմացվելու է զարգացման ռազմավարական ծրագիրը: Բացի դրանից, USAID-ի 5-ամյա ծրագիր է արդեն սկսել 2018 թ.-ից, որը նպատակաուղղված է լինելու շուկայի ազատականացման քայլերի և միջպետական առևտրի զարգացման խթանմանը: Այդ ծրագրի համատեքստում նաև մշակվելու է 2020-2040 թթ.-ի էներգահամակարգի զարգացման ընդհանուր ծրագիրը, որը հենվում է նվազագույն ծախսերով համակարգի զարգացման վերլուծության վրա: Այս պահին այդ վերլուծություններն ընթացքի մեջ են, մինչև 2019 թ.-ի հունիս-հուլիս ամիսներն արդեն բոլոր շահագրգիռ կողմերին կներկայացվեն համընդհանուր քննարկման և կուղարկվեն հաստատման:
– Նախորդ կառավարությունը հայտարարում էր վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին: Շարունակելո՞ւ եք արդյոք այս գիծը, և եթե այո, ապա էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի՞ տոկոսն են կազմելու:
– Տարբեր ժամանակներում տոկոսները մի քիչ փոխվում են, և հիմա իրականում մոտ 30 տոկոսից ավելի է կազմում վերականգնվող էներգետիկան, եթե դրանց գումարենք մեծ հիդրոէլեկտրակայանների կասկադները՝ Սևան-հրազդանյանը և Որոտանը: Միանշանակ շարունակվելու է վերականգնվող էներգետիկայի զարգացման գիծը, քանի որ այն նպաստում է մեր էներգահամակարգի անվտանգության բարձրացմանը՝ կախվածությունն է նվազում ներկրվող գազային վառելիքից: Բացի դրանից, այսօր տեխնոլոգիաներն արևային ոլորտում այնքան են զարգացել, որ եթե մի քանի տարի առաջ խոսվում էր 100-120 դրամ 1 կվտ/ժ սակագնի մասին, այսօր Մասրիկով մենք ստացել ենք 4.19 ցենտ մրցութային գին, որը շուրջ 20 դրամ է 1 կվտ/ժ-ի համար, այսինքն՝ ավելի քիչ, քան ջերմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինն է: Այսօր արևայինի մասով երկու դրական գործոն է միանգամից աշխատում ՝ ոչ միայն զարգացնում է մեր էներգետիկ անկախությունը, այլև բերում է սակագնի միջհամակարգային նվազեցման: Եթե տեղյակ եք, նոյեմբերի կեսերին նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի շաբաթ, բազմաթիվ երկրներից խոշոր ներդրողներ են հրավիրված, որոնց ներկայացվելու են մեզ մոտ առկա ծրագրերը: Մեր վերականգնվող էներգետիկ հիմնադրամում ունենք 5 պատրաստի փաթեթներ, որոնք մրցութային փաթեթի տեսք են ստացել Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցով: Շուրջ 60 մեգավատտ հզորությամբ 5 փաթեթ ունենք, դրանք ներկայացվելու են ներդրողների դատին:
– Արտահանման հիմնական շուկաների՝ Վրաստանի և Իրանի մասով խնդիրներ կա՞ն: Առաջիկա տարիներին ի՞նչ զարգացումներ են սպասվում:
– Այս պահին մեծ տեմպերով Իրանի հետ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն է կառուցվում:
– Նախատեսված էր, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվեր 2018 թ.-ին, սակայն եթե չեմ սխալվում, դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:
– Այո, 2018 թ.-ի սեպտեմբերին պետք է ավարտված լիներ, կային խնդիրներ, դանդաղել էր աշխատանքը: Հիմա բոլոր խնդիրները լուծելով գնում ենք և շինարարությունը մեծ թափով սկսվել է նորից:
– Ի՞նչ խնդիրներ են եղել, որ 2018 թ.-ին աշխատանքներն ավարտին չեն հասցվել:
– Մի շարք խնդիրներ են եղել։ Նախ, նախագիծն իրականանում է լրիվ իրանական կողմի ֆինանսավորմամբ և իրանական կապալառուներով: Որակական աշխատանքների ընդունման մասով որոշակի խնդիրներ են եղել կապալառուների հետ կապված, որն արդեն հարթվել է: Եղել են խնդիրներ նաև ֆինանսավորման հետ կապված, նաև այդ խնդիրն ենք հարթում: Աշխատանքները մեծ թափով շարունակվում են:
Ամբողջությամբ՝ tert.am