Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով: Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից: «Ներկայում մեկ կնոջ հաշվով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիությամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում»,- ասված է զեկույցում:
Այդ կապակցությամբ աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի բաժինը 17 տոկոսից կաճի մինչև 26 տոկոս: Ընդսմին զարգացող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չէ, ծնելիության ցուցանիշները բոլորովին վերջերս նվազել են մինչև պարզ վերարտադրություն (1,7-2,5 մանկածնություն կնոջ կյանքի ընթացքում): «Մյուս երկրների մեծ մասում այսչափ ցածր ծնելիության հասնում են միայն եկամտի ավելի բարձր մակրդակի դեպքում»,-ասված է հետազոտության մեջ:
Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ, չնայած սոցիալ-տնտեսական զարգացման համեմատ ծնելիության նվազման համաշխարհային միտումին, առանձին զարգացած երկրներ կարող են բարելավել իրադրությունը: Դրա համար նրանք պետք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում դա անել տնտեսական պատճառներով: Ֆրանսիան և Նորվեգիան, օրինակ, արդեն ծնելիության գործակցի աճ են արձանագրում: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում աշխարհում զգալիորեն բարելավվել է վերարտադրողական իրավունքների հետ կապված իրադրցությունը, սակայն ամեն տարի շուրջ 300 հազար կին է մահանում ծննդաբերությունների ժամանակ, որովհետև նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները լիարժեք չեն ապահովվում: