Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:
Ինչպես տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:
Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:
Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել:
Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան: