Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։ Որպեսզի կարողանանք ապահովել երեխաների դրական, արժեքներով լի և հոգեբանորեն առողջ կենսակերպը, նախ՝ պետք է ինքներս մեզ հետ աշխատենք։ Շտկենք մեր ներսի երեխայի հոգեբանական խնդիրները, մանկության տարիներին ձեռք բերած թերարժեքության բարդույթները, կյանքի վերաբերյալ ունեցած դիրքորոշումները, քանի որ ծնողի անհատական վերաբերմունք՝ ուղղված ամենին, ընդօրինակվում է երեխայի կողմից՝ վերածվելով նրա անհատական ընտրության։
Որպես կանոն, երեխաները տարիքային զարգացման հետ համընթաց՝ ունենում են տվյալ տարիքին համապատասխան վարքային դրսևորումներ, որոնք շատ բնականոն գործընթացներ են՝ կամակորություն, շարժունություն, բողոք արտահայտող լաց, թաքուն արարքներ, ինքնուրույնության դրսևորումներ, և այլն։ Սակայն կան վարքային մի քանի առանձին արտահայտումներ, որոնց չի կարելի դիտարկել՝ որպես խնդրային վարք, բայց անհրաժեշտ է պատշաճ ուշադրության արժանացնել, հարկ եղած դեպքում՝ միջամտել, քանի որ դրանք ազդում են երեխայի արժեհամակարգի, մարդկային որակի և հոգեկան ներդաշնակ զարգացման վրա։
- Վատ արարքի քողարկում
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ երեխաներն անկախ կամքից՝ ականատես են լինում վատ արարքի կամ միջադեպի։ Նրանք վախենում են պատմել, բարձրաձայնել, քանի որ համարում են իրենց վատ իրադարձության վկաներ և մտածում, որ իրենց նույնպես կնախատեն։ Նման իրավիճակում տարբեր երեխաներ տարբեր պատճառներ են ունենում՝ այդ քայլին գնալով։ Ոմանք միտումնավոր են լռում, որպեսզի հետո խրախուսանքի արժանանան, ոմանք էլ մտածում են, որ նման քայլով դիմացինի համար դրական քայլ են կատարում։
Ինչպես վարվել․ երեխային անհրաժեշտ է բացատրել մատնելու և ուշիմ լինելու տարբերությունը։ Պետք է երեխային լսել հանգիստ՝ առանց քննադատությունների, հասկանալ նրան և փորձել լուծել առաջացած խնդիրը՝ երեխայի հետ միասին։
- Քույր-եղբայրների միջև մրցակցություն
Որպես կանոն՝ ծնողներն իրենք են երեխաների մեջ արթնացնում այդ անառողջ փոխհարաբերությունները՝ պիտակավորելով երեխաներին (լավ, վատ գեղեցիկ տգեղ, խելացի, անկարգ) կամ նրանցից ինչ-որ մեկին ամենասիրելին դարձնելով։
Ինչպես վարվել․ Նախ և առաջ՝ պարզել նման վարքի պատճառները և արգելել ֆիզիկական բռնությունը միմյանց նկատմամբ։ Հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանք զգան թիմային ոգի, արդարացիորեն խոսքի միջոցով լուծեն միմյանց միջև առաջացած տարաձայնությունները։ Բացատրել, թե որքան կարևոր է հարգել դիմացինի զգացմունքները։ Փորձել յուրաքանչյուրի հետ անցկացնել որոշակի առանձին ժամանակ։ Նման կերպ դուք կպահպանեք ընտանեկան ամուր և ջերմ կապվածությունը։
- Գողություն
Երեխան սկսում է գողանալ ուրիշի իրերը մի քանի դրդապատճառով՝ ունենալով ուշադրության պակաս ընկերների և ընտանիքի կողմից, երբ ինչ-որ իր շատ է դուր եկել, և նա ցանկանում է այն ունենալ, և, երբ բավարար զարգացած չեն երեխայի բարոյական արժեքներն ու կամքը։
Ինչպես վարվել․ Տվյալ իրավիճակում ամենակարևոր գործոնը ծնողի վերաբերմունքն է։ Անհրաժեշտ է պահպանել հանգստություն և հավասարակշռություն։ Եթե երեխան նման քայլ առաջին անգամ է կատարում, ապա հարցրեք պատճառը, բացատրեք նման քայլի անթույլատրելիությունը և խնդրեք վերադարձնել տիրոջը՝ ներողամտություն հայցելով։ Եթե նման վարքը կրկնվում է, ապա անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը, հակառակ դեպքում այն կամրանա՝ որպես սովորություն։
- Շրջապատի հանդեպ անհարգալից վերաբերմունք
Անհարգալից վարքն արտահայտվում է ոչ միայն դեռահասության տարիքում, այլ նաև երկու տարեկանից սկսած։ Փոքրիկ երեխաները հաճախ կրկնում են այն ամենը, ինչ տեսել են հեռուստացույցով, կամ կրկնօրինակում են մեծահասակների, ավագ քույր-եղբայրների վարքն ու խոսքը՝ մտածելով, որ դա անհրաժեշտ է և ճիշտ։
Ինչպես վարվել․ Փորձել հասկանալ վարքի պատճառը։ Սովորեցնել երեխաներին ճանաչել սեփական հույզերն ու զգացմունքները, հնարավորություն տալ դրանք արտահայտելու։ Երբ երեխան ճանաչում է սեփական հուզական աշխարհը, նա չի կրկնօրինակի դիմացինի խոսքն ու վարքը։ Նա կունենա իր սեփականն ու դրան զուգահեռ՝ կզգա այն անհարմարությունը, ինչ զգում են մեծերը, երբ իրենց նմանակում են։
- Ստախոսություն
Նման դեպքում մեծ նշանակություն ունի երեխայի տարիքը, քանի որ մինչև 7 տարեկանը երեխաների մոտ շատ ակտիվ գործում է երևակայությունը, և նրանց ասած յուրաքանչյուր բառ, որը թվում է սուտ, կարող է լինել միայն նրանց երևակայության արդյունքը։ Ավելի մեծ տարիքում, եթե առկա է ստախոսություն, ապա պետք է հասկանալ, որ նրանք կա՛մ ուղղակիորեն ստում են՝ խուսափելով անախորժությունից, կա՛մ ունեն ուշադրության պակաս, ունեն վախ ավտորիտար ծնողներից, կա՛մ ցանկանում են ստանալ այն, ինչ ուզում են։
Ինչպես վարվել․ Պահպանել հանգստություն, հանգիստ տոնայնությամբ խոսել երեխայի հետ, բացատրել, թե որքան կարևոր է ճշտախոսությունը և վստահությունը՝ մարդկային փոխհարաբերություններում։
- Կոպիտ վարվելաձև
Շատերին է անհանգստացնում սեփական երեխաների կոպիտ վարքը և վարվելաձևը հասարակական միջավայրում։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ որքան էլ ծնողների համար զարմանալի հնչի, նման վարքը հենց ընտանիքում է ձևավորվում։ Ընտանիքում խելամիտ մթնոլորտ կտիրի, եթե երեխայից սպասվի կիրթ պահվածք սեղանի շուրջ, ինչպես նաև «խնդրում եմ», «շնորհակալություն», «ներեցեք» բառերի հաճախակի կիրառում։
Ինչպես վարվել․ Վարվեցողության կանոնները սովորեցնելիս ճնշում չգործադրել երեխայի նկատմամբ։ Հաճախակի հուշել, որպեսզի նրանք ուշադիր լինեն շրջապատի հանդեպ։ Ինչպես նաև կարևոր է, որ մեծահասակներն իրենց հերթին՝ շտկեն սեփական վարքը, քանի որ երեխաները, որպես կանոն, ընդօրինակում են ընտանիքի անդամների վարքը։
Ինչպես անգլիական ասացվածքն է հուշում. «Մի դաստիարակեք երեխաներին, միևնույն է, նրանք ձեզ են նմանվելու։ Դաստիարակեք ինքներդ ձեզ»։
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան