Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը տեղեկացնում է, որ այգու զեբրը անկել է:
Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։
Կենդանաբանական այգու տնօրինությունը նշում է, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում է տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։
Կենդանաբանական այգու զեբրը՝ ընկնելուց հետո