Ռուբեն Շուխյանի գրառումը. «Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին.
Երևանի հնագույն վանքային համալիրներից է հանդիսանում: Սկզբում գլխավոր եկեղեցին կոչվել է Սբ. Աստվածածին, այնուհետև վերանվանվել է Սբ. Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր Ավետարանը»: Տեղակայված էր միջնադարյան Երևանի Շահար թաղամասում՝ բլրի վրա, ներկայիս Փարբեցի-Պուշկին փողոցների անկյունի բակում:
Սբ. Զորավոր եկեղեցուն կից գտնվում է Սբ. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում դեռևս 9-13-րդ դարերից սկսած։ 17-րդ դարում այս տարածքում գործում էր արդեն պարիսպներով շրջապատված մի ամբողջական վանքային համալիր, բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից և վանական դպրոցից, որը սակայն ավերվում է 1679-ի մեծ երկրաշարժի ժամանակ:
Այժմյան Սբ. Զորավորը վերականգնվել է 1693-ին` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ, իսկ 1793-ի պատի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է արդեն Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք: 1889-ին մեծահարուստ երևանցիների ներդրումներով այստեղ սկսվում են իրականացվել նոր վերաշինական աշխատանքներ՝ մասնավորապես փայտյա շինության տեղում տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվում է Սբ. Անանիայի գողտրիկ մատուռը:
Սովետական տարիներին, տարբեր նպատակների համար ծառայելուց հետո, Սբ. Զորավորը վերադարձվում է հավատացյալներին և սկսում է գործել: Էջմիածնի Մայր Աթոռի հովանավորությամբ և անձամբ կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով 1970-ականների կեսերին եկեղեցին, մատուռը և դամբարանը հիմնովին վերանորոգվում են»: