Համշենցի Մահիր Օզքանին առաջին անգամ հանդիպել եմ 2008թ. Երևանում, երբ գործընկերներիս հետ կազմակերպում էի Համշենի մշակույթին և պատմությանը նվիրված շաբաթ Հայաստանում: Այդ ընթացքում ներկայացվեց ցուցահանդես, գիտաժողով և առաջին անգամ կայացան համշենական «Վովա» խմբի համերգները:
Հայաստանում առավել հաճախ սկսեցին խոսել ու քննարկել Համշեն աշխարհի առասպելական գոյության, ծպտյալ հայերի, նրանց ծագման ու ինքնության հարցերը: Ցավոք, մեծ մասամբ դրանք պտտվեցին ու կանգ առան՝ «Դուք ձեզ հայ համարու՞մ եք, թե՞ ոչ» հարցի կողքին:
Մահիրը ոչ լուսանկարիչ էր, ոչ լրագրող, ոչ գիտնականների խմբի անդամ, ոչ էլ երաժիշտ, բայց լսելով այդ նախագծի մասին՝ շտապել էր միանալ Հայաստան եկող խմբին, քանի որ այս այցելությունը բացառիկ և անակնկալ հնարավորություն էր իր համար: Նա ևս, շատերի նման, գալիս էր իրեն ու հայրենակիցներին տարիներ, դարեր շարունակ տանջող հարցի պատասխանը փնտրելու՝ «Ո՞վ ենք մենք»:
Այս այցելությունը ինքնաճանաչման դժվար ու ցավալի մի ճամփորդություն էր, որը, ինչպես հետո ինքն ասաց, շատ բան փոխեց Մահիրի կյանքում: Ես համառորեն նրան Մհեր էի անվանում, իսկ նա ժպտում էր և ասում՝ «այո, Մհեր»:
Վերադարձին նա իր հետ ավանդական հուշանվերներից բացի, տարավ հայերեն գրքեր, ձայնագրություններ, իսկ որոշ ժամանակ անց իմացա, որ բարելավում է իր հայերենը, զբաղվում է Համշենի բանահյուսությամբ, հավաքում և փրկում է ժողովրդական հեքիաթներ, մանիներ, օրորոցային երգեր, ասացվածքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սկսեցին տպագրվել «ԱԿՕՍ» թերթում, հնչել ռադիոկայաններից մեկում և Համշենի մշակույթը ներկայացնող մի ինտերնետային բլոգում։
Հետո ֆեյսբուքում նրա անվան ներքո կարդացի նրա հայկական անունը՝ Մհեր Բեքարյան: Մհերն այն համշենցիներից է, ովքեր բացահայտ հաստատում են իրենց հայկական ինքնությունը: Նրան վստահաբար կարելի է համարել համշենական մտավորականության ներկայացուցիչ: Ներկայումս զբաղվում է մանկավարժությամբ, բանահավաքչությամբ և դասավանդում է դպրոցում: Թուրքական և հայկականմամուլում հաճախ են տպագրվում Մահիր Օզքանի հրապարակախոսական հոդվածները, որոնք անդրադառնում են համշենցիների ինքնության խնդիրներին, մշակույթի և լեզվի պահպանությանը:
«Ես առաջ մա, չկիդեմ թա շատ բիձիգ էի (պստիկ), աշխարհըս կիդեի լազեր գոն (կան), համշենցիներ գոն, ու ուրիշ մարդ չգո ու համշենցիներն ալ թուրք ին:,ասում էր Մհերը,- Հիմի կիդիմ՝ աշխարհս ասման չէ(այսպես չէ). հոզա(հոս-այստեղ) Կրասնոդարին համշենցիներին խոսումը (խոսքը, լեզուն) մեր խոսումիս բես ա, դեսա, անոնց հետ շատ լավ հասկցանք (իրար Ն. Հ): Հայերեն յոթ օր խոսելով՝ քիչ մը լավ աղավ(եղավ) ինձի համար»:
Ամբողջությամբ՝ hetq.am