Parallels Film Production LLC հիմնադիր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնական հրավեր եմ ստացել մասնակցելու Եվրամիություն Արևելյան Գործընկեության երկրներում մշակութային բազմազանության համար տրվող Ադամի մեդիա մրցանակի Քիշնևում անցկացվելիք Գալա Մրցանակաբաշխությանը։
2017թ-ի ամռանը Ադամիից գրեցին, որ Հայաստանից հիստերիկ անոնիմ նամակներ են գնացել Ադամի գրասենյակներ, որոնց հեղինակները մահացու մեղքեր են վերագրել ինձ, աղաչել են Ադամիին չեղարկել իմ թեկնածությունը։
Ադամին միայն մեկ բացատրագիր խնդրեց ինձանից, որից հետո, անձնական հանդիպման ժամանակ Ադամիի ղեկավարն ասեց բառացիորեն հետևյալը՝ «ինձ բացատրագիրը լրիվ հերիք կլիներ, բայց քո կոլեգաները գրել են համ էլ մեր հովանավորներին։ Դա ոչ մի բան չի փոխում, միայն մի խնդրանք՝ արի աշխատենք, բայց չաֆիշացնենք, որ աշխատում ես մեր հետ, մինչև քո կոլեգաները կհանգստանան»։
Ու հիմա, քանի որ պաշտոնապես հրավիրել են, ենթադրում եմ` կամ հայաստանյան անոնիմները հանգստացել են, կամ Ադամին արդեն թքած ունի վրաները։)
***
Քիշնևում Ադամիի միջոցառումներից բացի պլանավորված է հանդիպում «Տատիկիս Վարսերը» ֆիլմի գործընկերների հետ։ Քննարկելու ենք նամակի տեքստը, որն ուղարկվելու է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, Գերմանիայի Դաշնության, Բուլղարիայի Հանրապետության դեսպաններին ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ինչու նաև Փաշինյանին, որովհետև Հայաստանը երկու դժբախտություն ունի՝ մշակույթի նախարարները, որոնք նույնքան կապ ունեն մշակույթի հետ, ինչքան մեր փողոցի էլեկտրական լույսի սյունը ու ներդրումային տխմար քաղաքականությունը, ինչի հետևանքով դեպի Հայաստան ուղղվող ներդրումների բարակ թելը փրթվելու վրա է։
Նամակում մեր գործընկերները ներկայացնելու են «Տատիկիս Վարսերը» ֆիլմում կատարած իրենց ներդրումները, ստանձնած պարտավորությունները, որ սառեցված են ՀՀ պաշտոնյաների կողմից ֆիլմի հանդեպ գործած անօրինականությունների պատճառով և խնդրելու են ուշադրության ներքո պահել դատական գործընթացը, որը սկսվել է Հայաստանում, հայաստանցի արտադրողի՝ իմ ընկերության կողմից։
«Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։»
Ավետարան ըստ Ղուկասի»:
*Quidquid latet apparebit, Nil inultum remanebit (լատ.) – Այն, ինչ ծածուկ է, երկար չի մնա (խմբ.):