Լանքաշիրում բնակվող Սյու և Նոել Ռեդֆորդների ընտանիքը Մեծ Բրիտանիայում ամենամեծն է: Վերջերս ծնվել է նրանց 21-րդ երեխան, գրում է thesun.co.uk-ը:
Զույգը բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2017թ.-ին, երբ անգլուհին 20-րդ երեխայի ծնունդով ռեկորդ սահմանեց: Նա վստահեցրել էր, որ այդքանով չի սահմանափակվի. մեկ տարի անց ծնվել է զույգի 21-րդ երեխան:
Բազմազավակ հոր խոսքով՝ նա անչափ ուրախացել է, երբ իմացել է, որ ևս մի դուստր են ունենալու:
Սյուն անձամբ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ: Ամենից դժվարը նրա համար պատրաստելն ու լվացք անելն է: Այնուամենայնիվ՝ նա կարծում է՝ որքան շատ են երեխաները, այնքան մարդ երջանիկ է:
Ամուսինները ծանոթացել են 36 տարի առաջ: Երկուսն էլ որդեգրված են: Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն ընդամենը 14 տարեկան էր: