Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը.
• Հայոց հասարակաց բնագավառն ու վերջինիս միկրոպատկեր «Ֆեյսբուքն» աստիճանաբար հիշեցնում են Վանի քաղաքային միջավայրը 1900-1910-ական թվականներին։ Վանում այդ տարիներին քննարկում էին ազատ սիրո հարցը։ Ինքնին դա եվրոպական տիպի քաղաքի համար օրինաչափ զարգացման հանգրվան է, ուստի խնդիրը բուն հարցը չէ, այլ վերջինիս խիստ անհամապատասխանությունն այդ ժամանակ արևմտյան, այդ թվում՝ Վանի հայության գլխին կախված օրհասական վտանգի հետ։ Պակաս նկարագրական չէ նաև Կիլիկյան Հայաստանի մայրամուտին ունիթորների և հակաունիթորների ներազգային պայքարը, որն իր բաժին ներդրումն ունեցավ այդ Փոքր Հայքի դիմադրական ներուժի փոշիացման գործում։
• Ընկերնե՛ր, Ադրբեջանի դեմ պատերազմը շատ ավելի լուրջ ու վտանգավոր է, քան շատերդ, ըստ ամենայնի, պատկերացնում եք։ Եվ ժամանակային ու տարածական հատույթում դա բացարձակ ճշմարտություն է՝ սկսած 1994 թ․ մայիսի 12-ից մինչև 2019 թ․ հունվարի 7-ը, և սկսած Աշոցքից՝ վերջացրած Հորադիզով։ Սա շատ ավելի բարդ տրվող հաղթանակ ուզող պատերազմ է, քան նախորդը, և համապատասխան օրակարգային հարցերի շուրջ պահանջում է ոչ թե բնակչության մեծամասնության, այլ ԱՄԲՈ՛ՂՋ բնակչության համախմբումն ու մոբիլիզացիան։
• Սա «Մարիո» չէ, այստեղ երկրորդ և երրորդ «կյանքեր» չկան։ Սա հայրենական պատերազմ է, որին պիտի մասնակցեն բոլորը՝ անկախ քաղաքական, հասարակական, կրոնամշակութային ու սեռագենդերային պատկանելությունից ու նախընտրություններից։ Հիշե՛ք, որ «գաղթելու տեղ չունենք, հայե՛ր, եթե … ըլներ, առաջինը ես կգաղթեմ, ես էլ եմ ուզում՝ ապրեմ», ինչպես 1992 թ․-ին զորքին ոգեշնչում էր Արաբոյի Մանվելը, և մի՛ մոռացեք, որ «եթէ չյաղթենք այս պատերազմի մէջ, … մեր պատմութիւնը … կրնայ վերջանալ․ հայոց պատմութեան վերջին էջը կրնանք դարձնել, եթէ կորսնցնենք այս …», ինչպես նախազգուշացնում էր Ավոն։
• Եթե սովետական Կարմիր բանակի թիկունքում Մոսկվան էր, ապա մեր թիկունքում ոչ թե Ստեփանակերտն է, ոչ թե Բերձորն ու Երևանն են, այլ ամբողջ Հայաստանը։
Գործո՛վ զբաղվեք, ընկերնե՛ր, քանզի ժամանակը խորամանկ խաղացող է՝ մի հարցում մեկի կողմից է, մեկ այլ հարցում՝ մյուսի…