Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե հասարակությանը հուզող հարցերին Վարչապետի ուղիղ եթերում անդրադառնալը շատ լավ է, որովհետև հասկանալի է դառնում այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ նախարարների ընտրած մոտեցումների աղբյուրը, բայց ի՞նչ է ստացվում։
Ստացվում է, որ որևէ խնդիր լուծվում է ճիշտ այնպես, ինչպես Վարչապետն է պատկերացնում, որը ձևավորվում է կառավարության պատերի ներսում, իսկ հասարակական կարծիքը լինում է ուշացած, ուղղակի լայվով Վարչապետը դրանց հակադարձում է, տալիս իր հիմնավորումը, նաև ասում է, որ կլինեն նաև հասարակական քննարկումներ, չնայած ինքն արդեն համոզված է այդ փոփոխությունների անհրաժեշտության մեջ։
Գուցե և այդպես է, բայց ուզում եմ նկատել, որ Վարչապետը դեռ չունի նոր ձևավորված Հանրային խորհրդի կարծիքը։ 2015թ․ ընդունված Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհուրդը սահմանվել է որպես կառավարության խորհրդակցական մարմին, ուժի մեջ է մտել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է․«հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը»։
Սակայն Կառավարության կառուցվածքի վերաբերյալ Հանրային խորհուրդը դեռևս իր կարծիքը չի արտահայտել, որովհետև այն դեռ չկա, այնինչ արդեն հասկանալի է դառնում, որ Վարչապետն իր որոշումը կայացրել է։ Իհարկե հիշում ենք, որ այս խնդրի մասին կառավարություն ձևավորած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, նշանակում է այդ ծրագիրն արդեն առկա էր և անհրաժեշտ հանրային քննարկումները կարող էին սկսվել մի քանի ամիս առաջ ու համապատասխան օրենքի նախագիծն արդեն դրված լիներ շրջանառության մեջ և այս անորոշ վիճակը կարող էր կանխվել։
Իհարկե մեր ժողովրդի 70%-ի քվեն վայելող կառավարությունն, ի դեմս Վարչապետի կարող է ասել, թե մեզ վստահել եք, բայց այդ վստահությունն ամրագրելու համար պետք է հասարակության ձայնը մշտապես լսելի ու հասանելի լինի։ Որքան շատ մարդ համոզված լինի նրանում, ինչ առաջարկում է ՀՀ կառավարությունն ու Վարչապետը, այնքան երկրում մթնոլորտը խաղաղ կլինի, որի մասին երազում ենք»։