Փաշինյանն անտեսում է իր դիվանագիտական թիմին, Արցախն ու Հայաստանի շահը․ 14 փաստ. yerevan.today
Advertisement 1000 x 90

Փաշինյանն անտեսում է իր դիվանագիտական թիմին, Արցախն ու Հայաստանի շահը․ 14 փաստ. yerevan.today

Ղարաբաղյան հարցում գործընթացները զարգանում են վտանգավոր արագությամբ, և այդ ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն անտեսում է իր դիվանագիտական թիմին, Արցախն ու կարծես՝ նաև Հայաստանի շահը։

Զոհրաբ Մնացականյանը երեք անգամ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամդեդյարովի հետ, և գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման կազմակերպումն էր։ Վերջին հանդիպումը հունվարի 16-ին էր։ Դեռևս ղեկավարների հանդիպման համաձայնություն չեն կայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ անգամ է հանդիպում Ալիևին։ Նախ՝ Դուշանբեում՝ ոտքի վրա, որը համարեց ծանոթացում, հաջորդը՝ Սանկտ-Պետերբուրգում, գաղտնի,  որը համարեց շփում, երրորդը՝ Դավոսում՝ հունվարի 22-ին, որն էլ համարեց «ոչ պաշտոնական հանդիպում»։

Նախարարները բանակցում են, որ հանդիպման համաձայնություն կայացնեն, իսկ նրանք «պատահաբար» արդեն երեք անգամ հանդիպել են ու կարծեք թե միջնորդի կարիք չունեն։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին նախապես ոչինչ չէր ասվում և տպավորություն է, թե ոչ ոք չգիտեր։ Միայն ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել էր նման մտադրության մասին։

Ու մեկ էլ արդեն վարչապետը հայտնեց․ «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»: Սա հայտնեց ոչ թե վարչապետի աշխատակազմը՝ պաշտոնական հաղորդագրությամբ, այլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում՝ որպես ամենօրյա սովորական գրառում։

Դուշանբեում, օրինակ, երբ վերելակում ծանոթացան, մի քանի ուղիղ եթեր նվիրեց դրան՝ ընդհուպ մինչև Ալիևի մտավոր բարեմասնությունների գովերգում, իսկ այս պարագայում, երբ ժամուկես ապագան են քննարկել, Փաշինյանը լուռ է։

Ի՞նչ են քննարկել՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներկայացնել, մանավանդ որ նա խոստացել է ժողովրդի հետ դետալ առ դետալ քննարկել, իսկ իր նախորդներին էլ մեղադրում էր գաղտնապահության կամ թաքուն բանակցելու մեջ։

Ինչո՞ւ է նա այժմ բանակցությունը թաքցնում «ոչ պաշտոնական» ձևակերպման տակ։ Թե՞, գուցե, թափանցիկությունն այն է, որ տեղեկացրել է հանդիպման մասին Ֆեյսբուքի էջով։

Արցախի հարցում, ակնհայտորեն, գործընթացներն արագանում են․ Մայիսից ի վեր կատարվել են բազմաթիվ քայլեր, որոնք խիստ մտահոգության առիթ են հանդիսանում․

1․ Վարչապետն այցելում է Արցախ, հանդիպումներ ունենում, ապա հայտարարում, որ չի պատրաստվում բանակցել առանց Արցախի Հանրապետության։

2․ Վարչապետը փոխում է իր խոսքը՝ ասելով, թե կարող է բանակցել, բայց որոշում չի կայացնի առանց Արցախի Հանրապետության։

3․ Վարչապետը հանդիպում է Ադրբեջանի նախագահին, ոտքի վրա զրուցում, ու կրակը սահմանին հանկարծ նկատելիորեն նվազում է։

4․ Կրակը սահմանին նվազելուն զուգընթաց Ադրբեջանը դիրքեր է ձեռք բերում Նախիջանում և խաղաղ պայմաններում հիմնական ամրաշինական աշխատանքներ կատարում։

5. Հայաստանում քրեական գործեր են կազմվում Արցախի հարցում վճռորոշ դերակատարում և ասելիք ունեցող, պատերազմում հաղթած ղեկավարների ու զինվորականների վրա։

6․ Հայաստան է այցելում ԱՄՆ նախագահի խորհրդականը և Նիկոլ Փաշինյանինհանձնարարական տալիս ստանալ բարձր ժողովրդական աջակցություն և Արցախի հարցում գնալ ոչ ստանդարտ ու ցավոտ լուծումների։

7․ Նիկոլ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը հանդես է գալիս ապազգայինհայտարարությամբ, իսկ խայտառակ ելույթի դեմ ըմբոստացումներին որպես հետևանք՝ աշխատանքից ազատում են Արցախի ՊՆ ղեկավարին։

8․ Հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, որից հետո Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ առաջին անգամ փոխըմբռնման են հասել։ Ի՞նչ փոխըմբռնում, չեն հայտնում։

9․ Եվս մեկ անգամ հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու  մասին։

10․ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսում է քարոզ Հայաստանի բնակիչներին Ադրբեջանի հետ կողք կողքի խաղաղ առևտուր անելու ծայրաստիճան անհրաժեշտության մասին։

11․ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի-Աղստաֆա հատվածում բանակի ստորաբաժանումները փոխարինում է պետական սահմանապահ ծառայությամբ, իսկ ստորաբաժանումները՝ Ռամիլ Սաֆարովի գլխավորությամբ, տեղափոխում ռեզերվ՝ Արցախյան ճակատ ուղորդելու համար։

12․ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը ապրիլյան պատերազմի շրջանում կոպիտ թերացումների պատճառով ազատվեց աշխատանքից,  նշանակվում է վարչապետի խորհրդական։

13․ Ադրբեջանի նախագահը հայտարարում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նոր համագործակցության, Բելառուսից նոր զինատեսակներ գնելու մասին:

14․ Նույն օրը ժողովրդի համար անսպասելի հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, իսկ տարածվող միակ տեսանյութում Հայաստանի ղեկավարը կուչ է եկել աթոռին և վիզը ծռած՝ խեղճ հայացքով նայում է էկրանին։

Ակնհայտ է, որ գորխծընփացներն արագանում են ու ակնհայտ է, որ վարչապետը չափազանց շտապում է, այն աստիճանի, որ երկար բանակցություններ է վարում առանց նախապես պայմանավորվելու։ Կամ էլ, գուցե, նախապես ամեն ինչ մանրակրկիտ հստակեցվել է, իսկ գաղտնիությունն էլ բնական է, ժողովրդին ասելու բան չունի։ Չէ՞ որ ինչպես նախարարությունների օպտիմալացման պարագայում էր, այնպես էլ հիմա կարող է հայտարարել՝ Ես նախընտրական ծրագրում ասել եմ, որ Արցախի հարցը պետք է լուծեմ, դուք ինձ տվել եք 70 տոկոսանոց աջակցություն-թույլտվություն։

Ուշագրավ է՝ Նիկոլ Փաշինյանի այս ինքնագործունեության մասին Արցախի ղեկավարությունը տեղյա՞կ է։

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանն անկախ Հայաստանի միակ ղեկավարն է որն Արցախյան ազատամարտի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Սևակ Հակոբյան

yerevan.today



Նման նյութեր