Սամվել Շահինյան. «Հոմոսովետիկուսն այն տնօրենն է, որն աշխատում է հացի գործարանում ու չի կարողանում պատկերացնել, որ իր կինը պետք է գնա՝ հացի խանութից հաց գնի»
Advertisement 1000 x 90

Սամվել Շահինյան. «Հոմոսովետիկուսն այն տնօրենն է, որն աշխատում է հացի գործարանում ու չի կարողանում պատկերացնել, որ իր կինը պետք է գնա՝ հացի խանութից հաց գնի»

«Ոչ մի հույս չեմ կապում կառավարության փոփոխության հետ. ուղղակի ռուսամետ կլանը հաջողության է հասել: Ես ուզում եմ հայկական իշխանությունները վարեն մեր կեցվածքին, պատմությանը, մշակույթին հարիր քաղաքականություն: Եթե այսօր ռուսաստանաբնակ իմ ընկերները, որոնք բավականին կիրթ, պատմությունն իմացող մարդիկ են, ինձ ասում են՝ արա, դե միացեք Ռուսաստանին, պրծեք, էլի, ես ապշում եմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության փոփոխությանը՝ նման կարծիք հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, ազատագրական ջոկատի հրամանատար, Հայաստանի վերջին Գերագույն խորհրդի  (ԳԽ) պատգամավոր և Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, այժմ՝  Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Նրա խոսքով՝ մեզ դեռևս ղեկավարում է սովետական մարդը: «Նայեք իշխանություններին՝ կամ նախկին կոմսոմոլներ են, կամ կուսակցականներ են, կամ նոմենկլատուրայի երեխաներ են»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ մեր ժողովուրդն էլ է դեռևս հոմոսովետիկուս.

«Հոմոսովետիկուսն այն տնօրենն է, որն աշխատում է հացի գործարանում ու չի կարողանում պատկերացնել, որ իր կինը պետք է գնա՝ հացի խանութից հաց գնի… Այդ ժողովուրդն է դեռ: Եթե մարդուն ընտրել են դեպուտատ կամ նախագահ, մտածում է՝ այդ ամբողջը պետք է վերցնի, տանի տուն, ինչպես այն հացի գործարանի տնօրենն իր տուն պետք է տաներ ոչ միայն հացը, այլև հատուկ վարպետների կողմից պատրաստված տորթը»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ երբ իր թոռնիկի հետ է խոսում, տեսնում է նոր մարդուն.

«Նա թքած ունի՝ ինչ է մտածում իր հայրը, առավել ևս, թքած ունի, թե քաղաքականության մասին ինչ է մտածում: Նա գիտի, որ հայ է, իր հողի վրա է, ու, որ գիտելիքն ամենաբարձր արժեքն է. մի բան, որի վրա հայրը թքած ունի, իսկ պապն էլ սխալ է օգտագործում, չի օգտագործում՝ որպես արժեք: Ինքը դա որպես արժեք է օգտագործում, ասում է՝ իմանամ, որ հետո լավ ապրեմ: Մեզնից ոչ մեկն այդպես չէր մտածում, չէր մտածում, որ գիտելիքով փող են աշխատում: Սովետական մարդիկ պաշտոնով ու ծանոթով են փող աշխատել, գիտելիքով ոչ ոք փող չի աշխատել»:

Ամբողջությամբ՝ 168.am

Լուսանկարը՝ PanPhoto-ի