Րաֆֆին ասում է…
Advertisement 1000 x 90

Րաֆֆին ասում է…

Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում:

Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին:

Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից…

Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ Աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ

Փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը, կգա մի օր, որ դու կրկին կգտնես քո ուրախությունը:

Ամբոխը ուրիշ բան է, ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է: 

Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:

Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա…

Բնությունը բոլոր էակների տվել է իրենց նմանների հետ կռվելու ընդունակություն: Միայն մեռած մարմինները մնում են անշարժ և իրենց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և բնական կռիվ: 

Բավական չէ կրթել միտքը, ազնվացնել հոգին, պետք է կրթել մարմինը:

Մենք հայ ենք, Աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել:

Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է:

Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:

Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը: Դու ինձ համար ամեն ինչ ես:

Համբերությունը մա՛հ է… գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել: Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը:

Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է:

Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից: Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…

vnews.am