Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանում բացվել է «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի. սերունդների էստաֆետ» խորագրով ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատմության մեջ առաջին անգամ մեկ ընդհանուր հավաքածուի մեջ ներկայացվել են Հայաստանի և արտերկրի մասնավոր, անձնական հավաքածուներից ընտրված աշխատանքներ, որոնց հեղինակները ծնվել, ապրել, սովորել կամ ստեղծագործել են Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիում՝ տարբեր ժամանակահատվածներում: Ցուցահանդեսը կազմակերպել է Գյումրու «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնը՝ «Տապան» թանգարանի հետ: Նախագծի հեղինակը և ղեկավարն է Գևորգ Խաչատրյանը, արտ-տնօրենը՝ Սարգիս Հովհաննիսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնից, բոլոր՝ շուրջ 150 գեղանկարչական, գրաֆիկական,դեկորատիվ-կիրառական աշխատանքները բնօրինակներ են և հիմնականում ցուցադրվում են առաջին անգամ: Իսկ ինչո՞ւ ցուցահանդեսը մեկնարկեց Մոսկվայում: Կենտրոնից հայտնում են՝ քանի որ ամենամեծ արտագաղթը Գյումրիից եղել է Ռուսաստանի Դաշնություն,մասնավորապես Մոսկվա։ Բացի դրանից, շատ լենինականցի տաղանդավոր նկարիչներ սովորել են Մոսկվայի, Լենինգրադի գեղագիտական դպրոցներում և հայտնի են ռուսական արվետասեր հասարակությանը։