Մաշկի սնկային հիվանդություններ. Հնարավոր է արդյո՞ք դրանցից վերջնականապես բուժվել. news.am
Advertisement 1000 x 90

Մաշկի սնկային հիվանդություններ. Հնարավոր է արդյո՞ք դրանցից վերջնականապես բուժվել. news.am

Միկոզները՝ սնկային հիվանդությունները, բավականին տարածված խնդիր են եւ դժվար թե գտնվի մեկը, ով դրանց մասին չի լսել: Ո՞ր սնկերը կարող են ախտահարել մաշկը եւ եղունգները: Եվ հնարավոր է արդյո՞ք դրանցից վերջնականապես բուժվել: NEWS.am Medicine-ի թղթակցին այս հարցերի պատասխանելու գտնելու գործում օգնել է «Աստղիկ» ԲԿ մաշկաբան-վեներաբան Կարեն Վարդանյանը:

Սնկերի դասակարգման հարցում, մասնագետի խոսքով, մի քանի մոտեցում կա. օրինակ՝ ըստ նրա, թե մաշկի որ շերտն են դրանք ախտահարում (կերատոմիկոզներ, դերմամիկոզներ, խորանիստ միկոզներ) կամ՝ թե մարմնի որ մասն են դրանք ախտահարում (հարթ մաշկի միկոզներ, մաշկային ծալքերի միկոզներ, եղունգների, գլխամաշկի եւ մազերի ախտահարումներ): Կանդիդոզները, որոնք ախտահարում են լորձաթաղանթները, սովորաբար առանձնացնում են առանձին խմբում:

Միկոզների դիագնոստիկա

Որոշ մասնագետներ մաշկի եւ եղունգների սնկային հիվանդությունը ախտորոշում են միայն նայելով ախտահարված հատվածին, սակայն դա, ինչպես պնդում է բժիշկ Վարդանյանը, բավական չէ. ախտորոշումը խիստ ցանկալի է հաստատել լաբորատոր մանրադիտակային հետազոտությամբ. միայն այդպես կարելի է համոզվել, որ պացիենտի մոտ հենց սնկային հիվանդություն է, այլ ոչ թե այլ բան:

«Ամեն մաշկաբան կհիշի իր պրակտիկայից դեպք, երբ օրինակ տեսել է եղունգների ախտահարում, որը շատ նման է սնկայինի, բայց որը այլ բան է պարզվել», – ասաց մասնագետը: – «Լինում են նաեւ դեպքեր, երբ մարդուն երկար եւ անարդյունք բուժում են «սնկից», բայց հետո պարզվում է, որ նրա մոտ բոլորովին էլ սունկ չէր: Նման խնդիրներից կարելի է խուսափել, եթե ճիշտ մոտենալ միկոզների դիագնոստիկայի հարցին եւ անհրաժեշտ հետազոտություններ անցկացնել»:

Այդ հետազոտությունների տվյալներով՝ արդեն կարելի է վստահությամբ բուժում նշանակել:

Միկոզների բուժում

Որոշ մարդիկ մտածում են, թե վերջնականապես սնկային հիվանդությունից բուժվել հնարավոր չէ։ Դա, իհարկե, այդպես չէ, պնդում է Կարեն Վարդանյանը. միկոզները բուժվում են, բայց բուժմամբ պետք է զբաղվի մասնագետը, ինքնաբուժումն անթույլատրելի է։

Բուժման համար անհրաժեշտ դեղերը Հայաստանում գրանցված եւ հասանելի են, եւ բժիշկը կարող է ճիշտ բուժում ընտրել՝ կախված սնկի տեսակից։

Բայց սնկային վարակը պարզապես բուժելը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ հոգալ կրկնակի վարակվելը կանխարգելելու մասին։ Խնդիրն այն է, որ սնկերի սպորները շատ կենսունակ են, դրանք կարող են բավական երկար ժամանակ գոյություն ունենալ եւ կենսունակությունը պահպանել մարմնից դուրս, իսկ հետո, հայտնվելով նպաստավոր պայմաններում՝ նույն մարդու կամ մեկ ուրիշի մաշկի վրա, նորից ակտիվանալ եւ հանգեցնել հիվանդության առաջացմանը։

Հազվադեպ չեն կրկնակի ինքնավարակման դեպքերը. օրինակ, եթե պացիենտը կերատոմիկոզ ունի, որն ախտահարել է իրանի վերին հատվածը, հաջող բուժումից հետո նա կարող է նորից վարակվել սնկային վարակով, եթե նրա հագուստը, սպիտակեղենը եւ այլ պարագաներ, որոնք մինչ այդ առնչվել են նրա մաշկի հետ, ճիշտ չվարակազերծվեն։ Այսպիսով, բժիշկի դերը չպետք է սահմանափակվի միկոզների բուժմամբ, նա նաեւ պետք է օգնի կանխել պացիենտի կրկնակի վարակումը:

news.am