«Բժշկ-սեքսոպաթոլոգի կարևորագույն առաքելությունը մարդկանց երջանկացնելն է։ Վերականգնելով անհատի սեռական կյանքի գույները՝ սեքսոպաթոլոգը գունավորում և իմաստավորում է մարդու կյանքը։ Բայց մենք մշտապես հիասթափություն կապրենք, եթե սպասենք, թե երբ են ուրիշները մեզ երջանկացնելու: Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու նախաձեռնությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը: Հարկավոր է հիշել, որ ինքնախղճահարությունն ու մեկուսացվածությունը մարդուն երբեք երջանիկ չեն դարձնում: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով երջանիկ լինելու վճռականություն ունի: Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք ընկալում ու գնահատում մեր հաջողություններն ու անհաջողությունները: Նրանք, ովքեր ավելի լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ, իրենց ավելի երջանիկ են զգում»:
Սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյան.
Սեռական հարցերն ու խնդիրները Հայաստանում չեն քննարկվում.
Աշխարհագրական առումով Հայաստանի բնությունը, օդն ու ջուրը, բնակլիմայական պայմանները դրականորեն են ազդում սեռական առողջության որակի վրա։ Նույնը չեմ կարող ասել բովանդակային առումով։ Պահպանողական հայ հանրության մեջ սեռական կյանքի և սեռական առողջության մասին խոսելը շարունակում է մնալ տաբու․ շատ ընտանիքներում սեռականության թեման քննարկումից ուղղակի դուրս է։ Սեռական հարցերն ու խնդիրները չեն քննարկվում։ Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատանում են և լռության մատնվում. լռում են ընտանիքներում, լռում են զույգերի միջանձնային հարաբերություններում` կարծրանալով հասցնում ցավոտ հանգուցալուծման` ընտանեկան աններդաշնակությունների, իսկ երբեմն էլ՝ ամուսնալուծությունների։
Որակյալ սեքսը հզոր հակադեպրեսանտ է
Երջանկության գրավականներից մեկը ներդաշնակ սեռական կյանքն է։ Գրգռված վիճակում տղամարդու և կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պառճառով էլ կանայք ավելի երկարատև նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները): Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում, ինչի արդյունքում առաջանում է հզոր հաճույքաբեր զգացողություն։
Բարձրացնել տրամադրությունը, ազատվել, անքնությունից, սթրեսների հետևանքներից և մոռանալ հոգեկան խռովքների մասին օգնում է օքսիտոցին հորմոնը, որը նույնիսկ ավելի լավ է բարձրացնում հոգու «տոնուսը», քան էնդորֆինները: Իսկ համատեղ ազդեցության դեպքում այս հորմոնները 10 անգամ ավելի արդյունավետ են ներգործում, քան ուժեղ հոգեմետները: Այս առումով կարելի է ասել՝ այո, սեքսը երջանկության գրավականներից մեկն է։
Մի’ վազիր երջանկության հետևից, այն քո ներսում է
Երջանկության լավագույն ցուցանիշներից մեկն այն է, թե որքանով ենք ներդաշնակ ապրում ինքներս մեզ հետ, իսկ դրա համար նախ և առաջ պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ: Իրական երջանկություն զգալու համար հարկավոր է հոգ տանել ոչ միայն սեփական անձի, այլև ուրիշների համար, քանի որ երջանիկներից ամենաերջանիկը նրանք են, ովքեր կարողանում են երջանկացնել: Մեզնից շատերը տեսել են այդ սկզբունքն իրական կյանքում. երբ մենք լույսի շողեր ենք սփռում ուրիշների կյանքի ճանապարհին, մեր կյանքն էլ է լուսավորվում: Նույնիսկ ամենապարզ երևույթները մեզ կարող են երջանկության ակնթարթներ պարգևել՝ լինի ժպիտ, գրկախառնություն կամ անկեղծ շնորհակալություն:
Կյանքի իմաստը երջանկություն գտնելն է, իսկ երջանկությունը` այն չկորցնելն է:
Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից՝ մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն: Մշտապես նախապատրաստվելով ապագային՝ փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է մի կողմից՝ գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից՝ ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:
Երջանկությունը նման է առողջության, երբ այն չես նկատում, ուրեմն այն կա:
Հարատև երջանկությունը լավագույն դեպքում ձանձրալի կլիներ, իսկ վատագույն դեպքում՝ սարսափելի: Վերելքներն ու վայրէջքները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում՝ հաղորդելով սուր զգացողություններ: Մութն անհրաժեշտ է, որպեսզի լույսն ավելի վառ թվա: Առանց ցավի հաճույք չի լինում, ինչպես նաև չի լինում ուրախություն առանց տխրության: Հայտնի հոգեբան Կարլ Յունգն ասում էր. «Առանց մթության երջանկություն չի կարող լինել, և «երջանկություն» բառն ամբողջովին կկորցներ իր իմաստը, եթե գոյություն չունենար տխրության հետ համատեղ: Ավելի լավ է երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին կան` դրսևորելով համբերություն ու հանգստություն»:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը