Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ի հայտ բերել Պարկինսոնի հիվանդությունը դրա առաջին ախտանշանների հայտնվելուց 15-20 տարի առաջ։ Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը՝ հղում կատարելով Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետների հետազոտությանը, սերոտոնինի փոփոխությունը կարող է վաղ շրջանում մատնանշել անշրջելի նեյրոդեգեներատիվ պրոցեսների մասին։
Գիտնականները նշում են, որ սերոտոնինի համակարգում փոփոխությունները կարող են սկսվել Պարկինսոնի հիվանդության նախնական փուլին բնորոշ ախտանշանների հայտնվելուց 15-20 տարի առաջ։ Հետազոտությունում ընդգրկվել է Հունաստանի եւ Իտալիայի 14 բնակիչ՝ SNCA գենի հազվադեպ մուտացիայով։ Դրա հետեւանքով նրանք գտնվել են այդ հիվանդության առաջացման ռիսկային գոտում, բայց հետազոտության պահին հիվանդությունը հայտնաբերվել է նրանցից միայն յոթի մոտ։
Զննելով փորձի բոլոր մասնակիցների ուղեղը եւ համեմատելով ստացված տվյալները Պարկինսոնի հիվանդություն ունեցող 65 եւ 25 առողջ կամավորների ցուցանիշների հետ՝ գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել սերոտոնինային համակարգում։
Մասնագետները հույս ունեն, որ հայտնագործությունը կօգնի ստեղծել Պարկինսոնի հիվանդության ախտորոշման եւ բուժման նոր մեթոդներ։