2018թ․ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ձևավորվեց սկզբունքորեն նոր քաղաքական-տնտեսական իրավիճակ, որը հասարակության գիտակցության մեջ ազատական-ժողովրդավարական պետության մասին խորը գիտելիքների և ազատական գաղափարների ներդրման հնարավորություն բացեց։ Պայմանավորված վերոնշյալով՝ «Համակարգ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի նպատակներից մեկը դարձավ հայ հասարակության համար ազատ շուկայական տնտեսության լայն հնարավորությունների բացահայտումը։
Ի՞նչ է տնտեսական ազատությունը։
Ամենաընդհանրական բնորոշմամբ տնտեսական ազատությունն անհատի՝ իր անձնական շահերով առաջնորդվելու իրավունքն է սեփականության իրավունքի կամավոր փոխանակման միջոցով, որը նրան երաշխավորվում է օրենքի գերակայության միջոցով։ Այլ կերպ ասած՝ անհատներն ազատ են աշխատելու, արտադրելու, սպառելու և ներդնելու այնպես, ինչպես ուզում են, իսկ պետությունը չպետք է սահմանափակի այդ ազատությունը, այլ պետք է պաշտպանի այն: Տնտեսական ազատությունը կարելի է բնորոշել նաև որպես անհատների տնտեսական որոշումներին խառնվելու և դրանք պարտադրելու բացակայություն։
Տնտեսական ազատության հիմնական տարրերն են անձնական ընտրությունը, փոխանակման ազատությունը և մասնավոր սեփականության պաշտպանությունը: Իսկ տնտեսապես ազատ երկրի հիմնական բնորոշիչներն են մասնավոր սեփականության պաշտպանությունը, պայմանագրերի կատարման ապահովումը, կայուն գները, առևտրի փոքր արգելքները, շուկայի միջոցով բաշխվող ռեսուրսները։
Եթե տնտեսական ազատությունը երաշխավորված և պաշտպանված է օրենսդրությամբ, ապա անհատները կարող են ավելի շատ ինքնուրույն ընտրել՝ ինչ ապրանքներ ու ծառայություններ սպառել, ինչ տնտեսական գործունեությամբ զբաղվել և ինչպես օգտագործել իրենց ռեսուրսները՝ ներառյալ ժամանակը:
Տնտեսական ազատությունը հաճախ նույնացվում է քաղաքական և քաղաքացիական ազատություն հասկացությունների հետ: Սակայն այդ հասկացությունների միջև կա տարբերություն: Քաղաքական ազատությունը կապված է քաղաքական որոշումների կայացման գործընթացի հետ, այսինքն`քաղաքացիներին թույլատրվու՞մ է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին հավասար հիմունքներով, թե՞ ոչ: Քաղաքացիական ազատությունը, մյուս կողմից, ներառում է իրավունքների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կարծիք արտահայտելու իրավունքը, տարբեր կրոնների դավանումը, ազատ հավաքների իրավունքը, արդար դատաքննությունը և այլն: Նոբելյան մրցանակի դափնեկիր Միթոն Ֆրիդմանն իր «Կապիտալիզմ և ազատություն» գրքում պնդում է, որ տնտեսական և քաղաքական ազատությունները խորապես միախառնված են այնպես, որ տնտեսական ազատությունը քաղաքական ազատության հասնելու միջոց է, այսինքն՝ տնտեսական ազատությունը քաղաքական ազատության անհրաժեշտ պայման է։
Տնտեսական ազատության ցանկացած քննարկում կենտրոնանում է անհատների և կառավարության միջև քննադատական փոխհարաբերությունների վրա։ Ընդհանուր առմամբ, պետության գործունեությունը կամ կառավարության կարգավորումը, որոնք խանգարում են անհատական ինքնուրույնությանը, սահմանափակում են տնտեսական ազատությունը։
Այնուամենայնիվ, տնտեսական ազատության նպատակը պարզապես կառավարության պարտադրանքի կամ սահմանափակման բացակայությունը չէ, այլ բոլորի համար ազատության փոխադարձ զգացումի ստեղծումն ու պահպանումը։ Կառավարության որոշ գործողություններ անհրաժեշտ են քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենք իրենց և նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը։
Միլթոն Ֆրիդմանի բնորոշմամբ կառավարությունը, որպես պարտադրանքից անհատի պաշտպանության երաշխավոր, կարևոր նշանակություն ունի տնտեսական ազատության համար։ Իսկ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայեկը «Ճանապարհ դեպի ճորտություն» աշխատությունում նշում է, որ տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է ազատություն օրենքի շրջանակում, այլ ոչ թե կառավարության գործունեության լրիվ բացակայություն։
Բայց երբ կառավարության գործողությունները դուրս են գալիս անհրաժեշտ նվազագույն մակարդակի սահմաններից, ենթադրվում է, որ դրանք խախտում են ինչ-որ մեկի տնտեսական կամ անձնական ազատությունը։ Տնտեսական գործունեության կարգավորումը կարող է սահմանափակել շուկա ազատ մուտքը՝ խոչընդոտելով անհատների՝ կամավոր փոխանակմանը մասնակցելու որոշումներին։
Պատմության ընթացքում տնտեսական գործունեության վրա կառավարությունները կիրառել են սահմանափակումների լայն շրջանակ։ Այդպիսի սահմանափակումները, չնայած նրան, որ հիմնականում դրված են հանուն հավասարության կամ մեկ այլ իբր հասարակական ազնիվ նպատակի, իրականում շատ հաճախ պարտադրվում են ի օգուտ հասարակական էլիտաների կամ հատուկ շահերի։
Ամբողջությամբ՝ hamakarg.am