«Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք». Գայանե Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,

Ինձ ճանաչողները, իմ լրագրողական գործունեությանը գոնե վերջին 15 տարիներին երբևէ հետևած մարդիկ իհարկե գիտեն, որ բնապահպանական, հատկապես հանքարդյունաբերության հետևանքով ծագած բնապահպանական խնդիրները միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում` սկսած Քաջարանի ահռելի պոչամբարների խնդրից, Ալավերդիի, Սոթքի, Թեղուտի բնության անդառնալի վնասներից մինչև Ամուլսարի նոր մետաղական հանքի բացման անընդունելի ծրագիր, որի ՇՄԱԳ-ը դեռ տարիներ առաջ կարդալուց հետո հասկացա, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն։

Այսօր իրավիճակն ավելի բարդ է, ժառանգել ենք մի ծրագիր, որը ոչ միայն բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլ նաև էապես քաղաքական է, միջազգային բազմաթիվ գործընկերների շահերի բախման կիզակետում` ներդրումային միջավայրն ու վարկանիշը վնասելու լուրջ վտանգներով։
Բայց այս ամենին երբեք չի կարող ստորադասվել Հայաստանի ազգային անվտանգությունը, իսկ բնապահպանական անվտանգությունը, հատկապես ջրային ռեսուրսների թեկուզ հնարավոր նվազագույն վնասը, ազգային անվտանգության առանցքային դրույթ պետք է լինի։ Որևէ որոշում կայացնելուց առաջ, հետագայում նաև որևէ նոր հանքի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է վերափոխենք ոլորտը կարգավորող ողջ իրավական ու գործառնական համակարգը, վերանայենք ընդերքօգտագործման քաղաքականությունը, ռազմավարությունն ու սկզբունքները, նոր միայն ձեռնամուխ լինենք այս հարցերի քննարկմանը։

Մի քանի նախնական դիտարկում.

Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք, դա դարձնողներ ու դրա վրա քաղաքական դիվիդենտներ վաստակողներ անշուշտ կլինեն, սակայն իրապես մտահոգ քաղաքացիները լուծումը կտեսնեն խնդիրների մանրամասն քննարկման, ռիսկերի, այդ թվում նաև արբիտրաժում հնարավոր կորուստների վերացման շուրջ մոբիլիզացիայի ճանապարհով, ի վերջո, վստահ եմ, որ կասկած չունեք, որ բոլորիս նպատակը մեր պետական, հանրային գերակա շահի պաշտպանությունն է։

ԷԼԱՐԴի զեկույցը` նշված բոլոր ռիսկերով, մեծ հաշվով նորություն չէր, քանի որ տարիներ առաջ նշված ռիսկերի մասին պարբերաբար միջազգային փորձագետները հնչեցնում էին, բայց կարևոր է, որ կրկին հստակ շեշտվում է, որ ՇՄԱԳում բազմաթիվ թերացումներ են առկա, հատկապես ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ԹԱԴ_երի հետևանքների ուսումնասիրության մասով։

Զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2016-ին դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳում կարևորագույն փորձաքննություններ տեղ չեն գտել, կամ չեն իրականացվել պատշաճ կերպով, որն էլ հենց խիստ կասկածի տակ է դնում քրեական գործի կարճման հնարավոր որոշումը։

Թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) -ի հետևանքների մասով ուսումնասիրության լուրջ թերացումների խնդիրը ներկայացվում է նաև այս զեկույցում, իսկ ԹԱԴ-ը ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ բնապահպանական խնդիրներից է, փակված, լքված հանքերում և հանքավայրերում եթե անգամ հնարավոր է լինում բնապահպանական աղետը վերացնել, ապա ահռելի, միլիարդավոր դոլարների ծախսմամբ միայն։

Զեկույցը հստակ շեշտում է նաև, որ հետփակման ընթացքի, տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի վերացման համար Լիդիանը ընդամենը հինգ տարի է նախատեսել, մինչդեռ վնասները հարյուրամյակներ են լինելու, սա նաև միջազգային պրակտիկայում առկա խնդիր է, մեծ է ռիսկը, որ հանքի փակումից հետո ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Ըստ միջազգային փորձագետների, միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակները փաստում են, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Առկա նախադեպերը հուշում են, որ եթե ՀՀ-ն հետագայում ստանձնի հետևանքների վերացման բեռը, ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են էապես գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:

Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է, որի վերաբերյալ այս զեկույցում հստակ ներկայացված են բազմաթիվ ռիսկեր, սա կենսական հարց է, նորից եմ շեշտում ազգային անվտանգության խնդիր, որի բոլոր վտանգները հնարավորինս բաց, թափանցիկ, առանց հուզականության ու շահարկումների պետք է քննարկենք, նոր միայն որոշում կայացնենք»։



Նման նյութեր