Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.
«ՈՐՊԵՍԶԻ ՉՍԽԱԼՎԵԼ…
«Որպեսզի» բառի սխալ կիրառության մասին (երբ այն գործածվում է որ-ի փոխարեն) խոսվել է բազմիցս, սակայն կա այս բառի գործածության ևս մեկ սխալ, որը նույնքան տարածված է։
«Այդ գործը որպեսզի անել, հարկավոր են կիրթ աշխատողներ», «Որպեսզի խնդիրները լուծել, հարկավոր է վճռականություն…», «Պետք է շատ ժամանակ, որպեսզի այդ ամենին հետևել»։ Այսպիսի նախադասություններ հաճախ են հանդիպում մեր թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ռուսերենի ազդեցությամբ կազմված, ռուսերենից պատճենված նախադասությունների հետ։ (Օրինակ՝ «Детям нужна помощь, чтобы это сделать»).
Այսպիսի սխալներ հիմնականում հենց ռուսերեն կրթությամբ անձինք էլ թույլ են տալիս։
Նման նախադասությունները, մտքի նման շարադրանքը ճիշտ են ռուսերենում, բայց ոչ հայերենում։ Այս մտածելակերպը խորթ, անհարազատ է մեր մտածողությանը։ Տվյալ նախադասությունները մենք կձևակերպենք այսպես. «Այդ գործն անելու համար հարկավոր են կիրթ աշխատողներ», «Խնդիրները լուծելու համար հարկավոր է վճռականություն», «Պետք է շատ ժամանակ այդ ամենին հետևելու համար»։
– Որպեսզի չսխալվել, հարկավոր է մտածել հայերեն,- այսպես կասեն հայերեն վատ իմացողները։ Իսկ մենք ճշտենք և հորդորենք հիշել. «Չսխալվելու համար հարկավոր է մտածել հայերեն»»։