Նախկինում ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել է, որ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: «Մերժել` մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով` կստեղծվի նաև ՀՀ ԱԺ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնա բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»,- գրել է նա։ Քանի որ այս ընթացքում իմքայլական մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, փորձեցինք հենց իմքայլականներից ստանալ պարզաբանում, թե կա՞ արդյոք մայր ֆրակցիայից անջատվելու և նոր խումբ ստեղծելու հիմք։
«Հրապարակը» զրուցել է Սոֆյա Հովսեփյանի հետ։
– Տիկին Հովսեփյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ամուլսարի հողի վրա դե յուրե կայանա «Իմ քայլի» ներսում 2 տարբեր հոսանքների դե ֆակտո տարանջատումը։
– Ես երկար ժամանակ երկրում չեմ եղել, հենց նոր եմ հասել Հայաստան, հեռվից հետևել եմ գրառումներին, բայց պոկվելու կամ նման տրամադրվածության հետ կապված որևէ գնահատական չեմ կարող տալ, քանի որ շատ երկար չեմ հաղորդակցվել պատգամավորների հետ։ Միայն որոշ պատգամավորների գրառումներն եմ տեսել։ Այսինքն՝ սա մոտեցում է, դիրքորոշում է, թե կա նմանատիպ ինչ-որ բան, չեմ կարող ասել, որովհետև չեմ հանդիպել։ Անգամ վարչապետի հանդիպման ժամանակ երկրում չեմ եղել։ Չգիտեմ՝ ինչ իրավիճակ է եղել, տեղեկացել եմ մամուլից, իսկ մամուլը չի կարող ամբողջական տեղեկատվություն տալ փակ քննարկումից։ Կարծում եմ՝ պոկվել, առանձնանալ և ընդդիմություն կազմելը միշտ էլ կարող է լինել, բայց այստեղ խնդիրը ոչ թե առանձնանալն է, այլ այն, որ մեկս մյուսին սատարելով՝ հարցի լուծումը գտնենք։ Եթե մենք առանձնացանք և այլն, դա, այո, կարող է լինել որոշակի դիրքորոշում հայտնելու ձև, բայց այն, որ հաշվի առնելով, որ իսկապես երկիրը լուրջ խնդրի առաջ է կանգնած, սա չի կարող լինել լուծում։ Եվ մեզ պետք է, որ ամբողջական համախմբվենք և համախմբվածության արդյունքում գտնենք լուծումը։ Այն է՝ կոնկրետ հաշվի առնենք այն բոլոր բացթողումները, որ կան Ամուլսարի հենց առաջին օրվա իսկ շահագործումից, պայմանագրերի կնքման ժամանակ ՇՄԱԳ-ի հարցերի հետ կապված, այդ խնդիրներն առաջ տանենք և պահանջենք «Լիդիանին» պատասխանատվություն կրել։ Այսօր կա փաստացի մի իրավիճակ, երբ կարևորագույն կետերը հաշվի չեն առնվել, որոնցով «Լիդիանը» խնդրի առաջ կկանգնի։ Այսինքն՝ անտեսվել են այն կարևորագույն հարցերը։ Բացի այն, որ շահագործումից հետո մենք վտանգների մասին խոսենք, այլև ի սկզբանե ծառացած այն խնդիրների, որոնք սկզբից դուրս են մնացել ուշադրությունից:
– Բայց վարչապետը դրան անդրադարձավ, խոսեց պետության հավասարակշռված շահի մասին, և շատերը «Իմ քայլից» հիասթափված են հենց այդ դիրքորոշման համար։ Որ երեկվանից վերջնական անջրպետ դրվեց Փաշինյանի իշխանության և ժողովրդի միջև։
– Բոլոր գրառումներին չեմ կարողացել հետևել, որովհետև նորից եմ ասում՝ կես ժամ առաջ եմ հասել Հայաստան։
– Հիմնական ասելիքն այն է, որ նախորդների գիծն եք շարունակում։
– Հասկանում եմ, բայց ինչ-որ բան չեմ կարող ասել, որովհետև հիմա երբ զանգեցիք, վարչապետի ուղիղ եթերն էի նայում։
– Երեկ ԱԺ դռները փակվեցին ժողովրդի առաջ, որ բացվել էին 2018-ի հոկտեմբերի 2-ին։
– Սա միանշանակ անընդունելի է ինձ համար, որովհետև Ազգային ժողովը ձևավորվել է ժողովրդի կամքով, և փակել ժողովրդի առաջ դռները՝ ճիշտ որոշում չէ։ Միգուցե անվտանգությունից ելնելով կամ ինչ-որ բան, բայց, ինչքան հասկացա, քաղակտիվիստների նկատմամբ բավականին կոշտ վերաբերմունք է եղել։ Դրա մասին էլ մամուլից եմ տեղեկացել, չգիտեմ՝ հստա՞կ է դա, քանի՞ մարդ է բերման ենթարկվել։ Իմացա, որ մեկ հոգի բավականին երկար այնտեղ է մնացել։ Այսինքն՝ էս պահին էնքան քիչ ինֆորմացիա ունեմ, որ այս ամենի մասին ամբողջական ինֆորմացիա հայտնելը կլինի մասնակի մոտեցում, բացի այն, որ իմ մոտեցումն ի սկզբանե Ամուլսարի պայքարի մեկնարկից եղել է, և Ամուլսարը չպիտի հանք դառնա։ Սա որևէ կերպ քննարկման չի ենթարկվում, որովհետև ենթադրությունների մակարդակով ռիսկեր կարող են լինել, եթե երկրաշարժ լինի․ այս «եթե»-ն որևէ կերպ ապահովագրված չէ։ Անգամ եթե չլինի, միևնույն է՝ խնդիր է, և սա ամբողջ երկրի բնապահպանության հարցն է։ Ես չեմ խոսում միայն Ջերմուկի տարածքի մասին։ Սա միայն Վայոց ձորի կամ Սյունիքի հարց չէ, սա ողջ երկրի խնդիր է, և Սևանն էլ ողջ երկրի կարևորագույն ռեսուրս և հենակետ է։ Եվ մենք պետք է Սևանը ոչ թե ռիսկերի ենթարկենք և լճի մասին խոսենք «եթե»-ով, այլ պետք է ամեն պահի բացառենք ցանկացած «եթե»-ն։ Եվ եթե կա 0 չգիտեմքանի հարյուրերորդական հնարավորություն, հանքի շահագործումը պետք է բացառվի։ Եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի։ Նախ, ես վստահ եմ, որ եթե փաստաթղթերն օբյեկտիվ ուսումնասիրության գնան, «Լիդիանը» շատ ավելի մեծ տուգանքներ կունենա երկրին մուծելու, քան երկիրը՝ «Լիդիանին» կամ որևէ այլ ընկերության։