Ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու պահպանումը, լինի դա ներքին, թե օտարերկրյա ներդրումների դեպքում, ցանկացած երկրի համար, անկասկած, ունի անփոխարինելի մեծ դեր եւ կարեւորություն:
Գաղտնիք չի լինի նաեւ շեշտել, որ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային գործոնները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ բարենպաստ միջավայրի հետագա զարգացմանը:
Փորձենք ինքներս մեզ եւ երկրին հետ նայել 2090- 2100 թվականներից, ինչպես հիմա նայում ենք 1930-1950-ականներին: Սեւանի դեպքում էլ են ներկայացվել համոզիչ հաշվարկներ, հավանականության գնահատումներ եւ հիմնավորումներ: Կան հարցեր, որոնք առնչվում են երկրի տարածքի զգալի մասի եւ ամբողջ երկրի հետագա զարգացման կամ այդ զարգացումը խոչընդոտող պայմանների հետ:
Առաջարկս հետեւյալն է.
- Նախ եւ առաջ, գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել երկրի հանքերի (առաջին հերթին` մետաղական) տրամադրման (այդ թվում` վաճառքի) եւ շահագործման կարգը եւ չափանիշները խստորեն պահպանելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ երկրի զարգացման գերակա ճյուղերի շարքում հանքարդյունաբերությունը չի ներառվում, ապա հանքերի թվաքանակի զգալի ավելացում չի ենթադրվում, ուստի եղած ծավալի աշխատանքը իրատեսական է` մարդկային եւ կապիտալի առկա ռեսուրսների պայմաններում:
- Ամուլսարի հանքի աշխատանքը դադարեցնելու փոխարեն սկսել այն փոխհատուցմամբ ազգայնացնելու (նացիոնալիզացիայի) գործընթացը: Հանքի աշխատանքից ակնկալվող ոսկու տարեկան արժեքը, համաձայն մամուլում ներկայացվող տեղեկատվության, մոտ 7-8 տոննայի շրջանակներում է: Սա նշանակում է (ոսկու ներկայիս գներով հաշված) մոտ 350 մլն դոլարի հասույթ, որը, կարելի է ենթադրել, կապահովի միջին հաշվով մոտ 25-30% շահութաբերություն: Համեմատության համար հարկ է նշել, որ աշխարհի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունների միջին շահութաբերությունը 2002-2018 թվականների ժամանակահատվածում տարեկան մոտ 13-15% է կազմում…
- Հանքի ազգայնացումը կարելի է եւ, կարծում եմ, պետք է իրականացնել համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված որոշման հիման վրա: Այստեղ այդքան էական չէ, թե Հայաստանի քվեարկության ձայնի իրավունք ունեցող քաղաքացիները մասնագիտական գիտելիք ունեն, թե չունեն…
- Հանքը ազգայնացնելուց հետո, կառավարության որոշմամբ այն փակվում է եւ դրա հետագա օգտագործումը` կասեցվում:
Վահագն Վարդանյան (Հոնգկոնգ)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am