Հրաչուհի Միրզոյանը ֆեյսբուքում գրել է.
«#հորսարև #կոռուպցիաչկա՞
Որտե՞ղ է հնարավոր ամենաբարեհաջող կերպով թաքցնել ծառը։ Ճիշտ է, անտառում։
Պատահական չհիշեցի։ 1.5 տարի առաջ ՀՀ քաղաքացիների որոշ հատվածին «կոռուպցիա՜» բարձրագոչ հայտարարություններով համոզեցին, թե այլևս այն գոյություն ունենալ չի կարող «նոր Հայաստանում»։ Բայց պարզվեց, որ կոռուպցիայի դրսևորումներից մեկը՝ կաշառքը, լավագույնս հնարավոր է թաքցնել՝ «կոռուպցիայի անտառում»։ Դրա արդյունքում ՍԴ անցանկալի անդամ-դատավորներին, օրինակ, կարելի է օրինականացված կաշառք տալ, մենակ թե նրանք լքեն իրենց զբաղեցրած պաշտոնը։ Կարելի է ունենալ պետական վերահսկողության ծառայություն, որտեղ առանցքային զբաղմունքը հենց կոռուպցիան է, ինչի արդյունքում հիշյալ ծառայության պետը սկանդալային իրավիճակում հայտնվեց՝ կայծակնային արագությամբ։ Հետո պարզվեց, որ երբ կոռուպցիան հանում ես, համակարգը փլուզվում է․․․
Բայց կաշառքի անգերազանցելի գոհարն ի ցույց դրվեց այսօր, երբ արցունքն աչքերին հեռուստաէկրաններից անմեղ զոհերի հիշատակը սգացող հայրը դատարանում հայտարարեց, թե․ «Ձեւականորեն գոնե երկու «պրապրշիկի» դատեիք եւ ասեիր՝ սրանք են մեղավորները, սրանք են սպանել ձեր երեխաներին»։
Այս ամենը կատարվում է կառավարության՝ մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելու համար առանձնացված գումարի մասին հայտարարելու ֆոնին։
Ու էստեղ սկսվում է հարցերի կծիկը։ Ինչո՞ւ հատկապես մարտի 1: Ինչո՞ւ օրինակ չեն փոխհատուցվում 1988-ի ցույցերին մասնակցածները, 1996-ին տանկերի տակ պառկածները, Սարի թաղի բնակիչները, լիքն են մարդիկ, ում կարելի է փոխհատուցել։ Բայց չէ՜, մարտի 1-ը հատուկ է։ Ու ես ունեմ իմ պատասխանը։ Փաշինյանն անձամբ, գիտակցելով սեփական հանցավոր ներգրավվածությունն այդ իրադարձություններին, փորձում է իր սիրելի գործիքը՝ կաշառքը, կիրառել, սիրաշահել նրանց, ովքեր մտածում են, որ մի երկու, որևէ կապ չունեցող պրապրշիկի դատելով են պետություն կառուցում։
Կաշառքով հեշտ է․ համ սիրաշահում ես, համ գործդ ես առաջ տալիս, համ էլ կաշառք վերցնողը սսկվում է, քանի որ գիտակցում է հանցագործություն անելու հանգամանքը։
Այդպես էլ այստեղ է։ Սեփական մեղքը թաքցնելով ու մարդկանց բերանը փաստացի կաշառքով փակելով՝ բարեկամներ են ձեռքբերում, որ է՛լ ավելի քողարկեն սեփական կեղտոտ գործերը։
Իսկ եթե սա կաշառք չէ, ուրեմն ինչո՞ւ, օրինակ առաջնագծում ծառայած, պատերազմական գործողություններին մասնակցած և փաստացի բոլորիս խաղաղ քունն ապահոված անձինք չեն փոխհատուցվում։ Ինչո՞ւ գումարը չի ուղղվում ասենք սոցիալական ձեռներեցության զարգացմանը սահմանամերձ համայնքներում։ Որովհետև նրանց կաշառել հնարավոր չէ, ավելին՝ նրանք կաշառունակ չեն, քանի որ նրանց կյանքում Փաշինյանն & Co.-ն ավերածություններ չի առաջացրել։
Անձամբ համոզված եմ, որ կաշառքը երկկողմանի հաղորդակցություն է․ այն չի լինի, եթե տվող ու վերցնող միաժամանակ չլինեն։ Մշտապես զարմացել եմ, թե ոնց են մարդիկ հասկանում, թե ում ու երբ է պետք կաշառք տալ, որ ոչ բռնվեն՝ նույնիսկ այդ մասին բացահայտ խոսելով, համ էլ գործերն առաջ տան։
Բայց փաստորեն երևույթի высший пилотаж կա՝ պետության գնով ու հանրության փողերով՝ «կոռուպցիա չկա» պիտակի ներքո»։