Իրական թույլտվությունը հասարակ կարելին է:
Էրիկ Բեռնը սցենարային ծրագրավորման հայտնի սկզբունքի և խաղերի թեորիայի հեղինակն է: Դրանց հիմքում ընկած է տրանսակտային վերլուծությունը, որն այժմ ուսումնասիրում են ողջ աշխարհում: Բեռնը վստահ է, որ յուրաքանչյուր մարդու կյանքը ծրագրավորվում է մինչև 5 տարեկան դառնալը, և հետո մենք բոլորս ապրում ենք այդ սցենարով: Ստորև ներկայացնում ենք ականավոր հոգեբանի մտքերն այն մասին, թե ինչպես է ծրագրավորվում մեր ուղեղը:
1. Սցենարն աստիճանաբար թերթվող կյանքի պլանն է, որը ձևավորվում է դեռ վաղ մանկության տարիներին` հիմնականում ծնողների ազդեցությամբ: Այդ հոգեբանական իմպուլսը մեծ ուժով մարդկանց հրում է առաջ, իր ճակատագրին ընդառաջ, և շատ հաճախ՝ անկախ նրա դիմադրությունից կամ ազատ ընտրությունից:
2. Կյանքի առաջին 2 տարիներին երեխայի վարքն ու մտքերը ծրագրավորվում են հիմնականում մոր կողմից: Այս ծրագիրն էլ հենց ձևավորում է նրա սցենարի սկզբնական կառուցվածքը, առաջին արձանագրությունն այն բանի վերաբերյալ, թե ինչ դառնալ՝ մո՞ւրճ, թե՞ սալ:
3. Երբ լրանում է երեխայի 6 տարին, նրա կյանքի պլանն արդեն պատրաստ է: Դա շատ լավ գիտեին միջնադարյան հոգևորականներն ու ուսուցիչները, որոնք ասում էին. «Թողեք ինձ մոտ երեխային մինչև նրա 6 տարին լրանալը, ապա վերցրեք»: Լավ, փորձառու նախադպրոցական դաստիարակն անգամ կարող է կանխատեսել, թե ինչպիսի կյանք է սպասվում երեխային, նա երջանի՞կ կլինի, թե՞ դժբախտ, հաղթո՞ղ, թե՞ անհաջողակի մեկը կլինի ապագայում:
4. Ապագայի պլանը կազմվում է հիմնականում ընտանեկան ցուցումներով: Որոշ կարևոր պահեր կարելի է հայտնաբերել բավականին արագ՝ արդեն իսկ առաջին խոսակցության ժամանակ, երբ հոգեթերապևտը հարցնում է. «Ձեր ծնողներն ի՞նչ էին պատմում կյանքի մասին, երբ դուք փոքր էիք»:
5. Յուրաքանչյուր ցուցումից, որքան էլ որ այն անուղղակիորեն ձևակերպված լինի, երեխան փորձում է քաղել իմպերատիվ միջուկը: Այսպես նա ծրագրավորում է իր կյանքի պլանը: Մենք դա կոչում ենք ծրագրավորում, քանի որ ցուցման ներգործությունը ստանում է մշտական բնույթ: Երեխան ծնողների ցանկություններն ընկալում է՝ որպես հրահանգ, որն այդպիսին էլ կարող է ընկալվել միշտ, եթե նրա կյանքում չպատահի ինչ-որ դրամատիկ իրադարձություն կամ շրջադարձ:
Միայն մեծ ցնցումները, օրինակ՝ պատերազմը կամ ծնողների կողմից հավանության չարժանացած սերը կարող են նրան տալ վայրկենական ազատագրում: Դիտարկումները ցույց են տալիս, որ կենսափորձը կամ հոգեթերապիան կարող են նույնպես ազատագրել, սակայն՝ նշանակալիորեն դանդաղ: Ծնողների մահը միշտ չի վերացնում անեծքը, ընդհակառակը, դեպքերի մեծ մասում այն ավելի ամուր է դառնում:
6. Հաճախ մանկական որոշումները, այլ ոչ թե հասուն տարիքում գիտակցված պլանավորումն են որոշում մարդու ճակատագիրը: Ինչ էլ որ մարդիկ մտածեն կամ ասեն իրենց կյանքի մասին, հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, ասես ինչ-որ հզոր հետաքրքրություն իրենց պարտադրում է ձգտել ինչ-որ բանի, ինչը հաճախ համատեղելի չէ կամ չի համապատասխանում նրա հետ, ինչ գրվում է նրանց ինքնակենսագրությունների կամ աշխատանքային գրքույկների մեջ:
Նրանք, ովքեր ուզում են փող աշխատել, կորցնում են դրանք, մինչդեռ ուրիշներն արագորեն հարստանում են: Նրանք, ովքեր հայտարարում են, թե սեր են փնտրում, ատելություն են արթնացնում անգամ նրանց մոտ, ովքեր իրենց սիրում են:
7. Մարդու կյանքում սցենարային արդյունքը կասեցվում, նախապես գրվում է ծնողների կողմից, սակայն այն ուժը կորցրած կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երեխայի կողմից չի ընդունվել: Իհարկե, դա արտահայտված չի լինի հրավառությամբ կամ շքերթով, սակայն մի գեղեցիկ օր երեխան կարող է անկեղծորեն հայտարարել. «Ես այնպիսին կլինեմ, ինչպիսին մայրիկն է», ինչը նշանակում է. «կամուսնանամ ու այնքան երեխա կունենամ, որքան մայրս…», կամ՝ «Երբ մեծանամ, հորս նման կլինեմ», ինչը կարող է նշանակել, ասենք. «Կսպանվեմ մարտի դաշտում…», և այլն:
8. Ծրագրավորումը հիմնականում տեղի է ունենում բացասական ձևով: Ծնողները երեխաների գլուխները լցնում են սահմանափակումներով: Երբեմն նաև թույլտվություններ են տալիս: Արգելքները բարդացնում են հանգամանքներին սովորելը, հարմարվելն այն դեպքում, երբ թույլտվությունները տալիս են ընտրության հնարավորություն: Դրանք երեխային աղետի առջև չեն կանգնեցնում, եթե չեն ուղեկցվում պարտադրանքով:
Իրական թույլտվությունը պարզ կարելին է, ինչպես, օրինակ՝ ձկնորսության արտոնագիրը: Տղային ոչ ոք չի պարտադրում ձուկ որսալ: Ուզում է որսալ՝ որսում է, չի ուզում՝ չի որսում, և կարթը ձեռքն է վերցնում, երբ ինքն է ուզում, կամ թույլ են տալիս հանգամանքները:
9. Թույլտվությունը ոչ մի ընդհանուր բան չունի ամենաթողությամբ դաստիարակության հետ: Կարևորագույն թույլտվություններն են սիրելու, փոխվելու, խնդիրները հաջողությամբ լուծելու թույլտվությունները: Այդ թույտվություններն ունեցող մարդուն նկատում ես միանգամից, ինչպես և նկատում ես զանազան արգելքներով սահմանափակված մարդուն:
10. Պետք է ևս մեկ անգամ շեշտել. գեղեցիկ լինելը կամ հաջողության հասնելն անատոմիայի խնդիր չէ, այլ ծնողական թույլտվության: Անատոմիան, իհարկե, ազդում է բարետեսության վրա, սակայն միայն հոր կա մոր ժպիտին ի պատասխան՝ իսկապես կարող է ծաղկել ու հիացնել դստեր դեմքը: Եթե ծնողներն իրենց երեխայի մեջ տեսնում են հիմար, թույլ ու ապիկար մեկին, իսկ դստեր մեջ՝ տգեղ ու հիմար աղջկա, ապա նրանք հենց այդպիսին էլ կլինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը