Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային փառատոնում, որն անցկացվել է հոկտեմբերի 16-20-ը, Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: Հայկական տաղավարում ցուցադրվել են հայ դասական և ժամանակակից գրողների բազմաժանր ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:
Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Լուսանկար-բացիկները նվիրված են Արցախին և արցախցիների առօրյա կյանքին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ: