Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսության հարցերով համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է AFP-ը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը բախվեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք ավելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխությունն է։ Եթե մենք չգործենք, մենք կզոհվենք։ Մենք պետք է գործենք հանուն գոյատեւման»,- հայտարարել է նա։
Երկօրյա համաժողովի ժամանակ փորձագետները մինչինդուստրալ մակարդակից միջին գլոբալ ջերմաստիճանի ավելի քան 2օ C-ով բարձրանալը կանխելու Փարիզյան համաձայնագրի իրականացմանն ուղղված առավել ագրեսիվ քաղաքականության կոչ են արել։
Նրանք նաեւ արտանետումների կրճատման առավել ակտիվ գործողությունների, էներգիայի նոր աղբյուրներին անցումն արագացնելու եւ ածխածնի արտանետումների համար հարկերի սահմանման կոչ են արել։
«Որոշ երկրներ մինչ այժմ համարում են, որ կանաչ տնտեսությանն անցումը շքեղություն է։ Իրականում դա դարձել է գոյության հարց՝ լինել թե չլինել»,- ասել է Կանաչ էներգիայի համաշխարհային խորհրդի նախագահ Մուհամմեդ Կաֆաֆին։