Կարելի՞ է արդյոք նախաճաշին թխվածք ուտել․ մասնագետի կարծիք
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք նախաճաշին թխվածք ուտել․ մասնագետի կարծիք

Եթե շատ եք ուզում նախաճաշին թխվածք ուտել, դա կարելի է անել։ Սակայն թխվածքի հետ միասին ցանկալի է սպիտակուցով հարուստ որեւէ բան ուտել, ասում է Սնդակարգի, սննդի բիոտեխնոլոգիայի եւ անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի դիետոլոգ Յուլյա Չեխոնինան։

«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում դիետոլոգը նշել է, որ նախաճաշին թխվածքի հետ ցանկալի է ուտել կաթնաշոռ, ոչ քաղցր յոգուրտ, ձու կամ սպիտակուցներով հարուստ այլ մթերքներ։

Լցոնած կամ ջեմով կրուասանը, մասնագետի խոսքերով, քիչ է տարբերվում հաց-կարագ-մուրաբայով բուտերբրոդից։ Այդպիսի ուտեստը միանգամից շատ ածխաջուր եւ ճարպ է տալիս, սակայն սպիտակուց համարյա չի տալիս։ Թխվածք ուտելով՝ մենք բավական արագ նորից քաղցի զգացում ենք ունենում՝ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակի բարձրացման պատճառով։

«Միայն սուրճով կրուասանը չի կարող փոխարինել լիարժեք նախաճաշին, այդպիսի ուտելիքի բաղադրությունը չի կարելի հավասարակշռված անվանել»,- ասել է Չեխոնինան։

Որպեսզի նախաճաշի մեջ շատ կալորիաներ չլինեն, մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ քիչ ճարպով խմորեղեններին։ Լավ նախաճաշ կարող է լինել կաթնաշոռով կարկանդակը․ խմորեղեն՝ սպիտակուցային բաղադրիչով։ Հենց կաթնաշոռով կարկանդակն է, դիետոլոգի խոսքերով, թույլ տալիս երկար ժամանակ քաղց չզգալ։ Մեկ այլ լավ տարբերակ կարող է լինել խնձորով կարկանդակը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ուտել ինքնուրույն պատրաստած թխվածքներ, ոչ թե խանութից գնված։ Տնական թխվածքներում կարելի է վերահսկել շաքարի ու ճարպի քանակը, նաեւ նման թխվածքը զուրկ է բազմաթիվ արհեստական հավելումներից, որոնք հաճախ հանդիպում են արդյունաբերական արտադրության մեջ։

med.news.am