Տխուր տարելից. 101 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկեց հայ-վրացական կարճատև պատերազմը, որը տևեց 26 օր և ավարտվեց դեկտեմբերի 31-ին
Advertisement 1000 x 90

Տխուր տարելից. 101 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկեց հայ-վրացական կարճատև պատերազմը, որը տևեց 26 օր և ավարտվեց դեկտեմբերի 31-ին

Այսօր տխուր տարելից է հայ-վրացական հարաբերությունների պատմության համար: 101 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկեց հայ-վրացական կարճատև պատերազմը, որը տևեց 26 օր և ավարտվեց դեկտեմբերի 31-ին: Դա ըստ էության սահմանային կարճատև պատերազմ էր Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև, որը տեղի ունեցավ երկու երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։

Վրաստանն այդ պատերազմով հավակնում էր զբաղեցնել Լոռու երկրամասը, այդ նպատակով պատերազմի առաջին օրերին վրաց-գերմանական զորքերը մտնում են Լոռի և հայտնում են Լոռու ինքնավարության մասին։ Լոռիում որպես ընդհանուր կառավարման մարմին ստեղծվում է կոմիսարիատ, որը ղեկավարում էր Ալավերդիում կենտրոնացած գերմանական պարետը։ Հընթացս Վրաստանի իշխանությունները՝ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ, ցանկանում են դիվանագիտական մակարդակով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որն էլ ավելի է սրում երկկողմ հարաբերությունները՝ մեծացնելով պատերազմի սկսման հավանականությունը։

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հրամայում է Դիլիջան-Լոռի զորամասի հրամանատար Դրոյին մաքրել Լոռին վրացական զորքերից։ Գործողությունների հենց առաջին օրը գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը գիշերային անակնկալ գրոհով գրավեց Տաշիրն ու Պրիվոլնոյեն։ Դեկտեմբերի 30-ի բանակցության արդյունքում վերջնականապես համաձայնություն է ձեռք բերվում պատերազմական գործողությունները դադարեցնել Նոր տարվա գալուն պես՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Հունվարի 1-ին հայկական հաշտարար պատվիրակությունը Ղարաքիլիսայից մեկնում է Թիֆլիս, և նախապատրաստական աշխատանքներից հետո հունվարի 9-17-ը ընկած ժամանակահատվածում դաշնակիցների մասնակցությամբ կայանում է խորհրդաժողով։ Խորհրդաժողովի ընթացքում Լոռիում ստեղծվում է չեզոք գոտի, որը շուտով պետք է անցնցում կերպով միացվեր Հայաստանին:

Հայ-վրացական կարճատև սահմանային պատերազմը մեր ժողովուրդների պատմության ամենամութ էջերից է: Սա այն էջերից է, որոնցից, ինչպես ընդունված է ասել, պետք է դասեր քաղել՝ ապագայում սխալները չկրկնելու համար: Բարեբախտաբար, այդ պատերազմին հաջորդած հայ-վրացական հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ մեր ժողովուրդներին արդեն մեկ դարից ավելի հաջողվել է հարթել բոլոր տարաձայնությունները և առաջին պլան մղել մեզ միավորող ընդհանրությունները: Հաշվի առնելով համաշխարհային ու տարածաշրջանային աշխարհագրական ու աշխարհաքաղաքական իրողությունները՝ հայ և վրացի ժողովուրդները ուղղակի դատապարտված են ապրել ոչ միայն որպես հարևաններ, այլ նաև որպես իրական դաշնակիցներ՝ անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումներից ու բլոկային պատկանելությունից:

Մեր բարեկամությունը կենսականորեն անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին: Ընդ որում, միշտ գտնվելու են ուժեր ու ազդեցության կենտրոններ, որոնք փորձելու են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում՝ ելնելով իրենց ռեգիոնալ շահերից: Մեր երկու ժողովուրդների խնդիրն է հաղթահարել այդ մարտահրավերները և ապրել խաղաղությամբ՝ ի շահ Հայաստանի և Վրաստանի բարօրության:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը:



Նման նյութեր