Փաշինյանը դեմ չէ բանակցություններում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» մասնակցությանը
Advertisement 1000 x 90

Փաշինյանը դեմ չէ բանակցություններում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» մասնակցությանը

«Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ»

Այս արտահայտությունը մխվեց իմ հիշողության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամ տևած ասուլիսից։ Հենց նա օգտագործեց այս արտահայտությունը, նշելով, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները։

Հենց այդ օրվանից սկսած բազմիցս գրել եմ այս մասին, բազմիցս հարց եմ ուղղել իշխանության տարբեր ներկայացուցիչներին և սատարողներին, փորձելով պարզել, թե Փաշինյանի ասած այդ «այլ ներկայացուցիչներն» արդյունքում ովքե՞ր են։

Բնականաբար որևէ մեկն այս հարցին չի պատասխանել։ Հենց առաջին օրվանից պնդել եմ, որ Փաշինյանն ի նկատի ուներ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին», որոնց պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում է դարձնել բանակցությունների կողմ և գործոն։

Այսօր՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճեպազրույցի ժամանակ ՎԵՐՋԱՊԵՍ հաստատեց իմ կասկածները, նշելով, որ Փաշինյանը դեմ չէ բանակցություններում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» մասնակցությանը։ Եվ այս հայտարարությունը հաջորդեց Բրատիսլավայում կայացած հնգակողմ հանդիպումին, որի մասին ՀՀ իշխանությունները բացի կծկտուր լղոզված մեկնաբանություններից այդպես էլ որևէ մանրամասներ չհայտնեցին հանրությանը։ Էլ չասենք, որ Բրատիսլավայի հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայերեն հայտարարությունն իր մեջ ակնհայտ կեղծիք էր պարունակում, քանի որ շատ կարևոր կետեր չէին համընկնում հայտարարության բնօրինակ անգլերեն տեքստի հետ։

Հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ունեն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ Հիմա արդեն ակնհայտ է դառնում, թե ինչի՞ են իշխանության եկած դասալիքներն այդքան մեծ թշնամանք տածում Արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ, ինչի՞ են այդքան սարսափում Արցախն ատամներով պահող գեներալներից ու զորահրամանատարներից։ Եվ, ի վերջո, այդ քաջնազարական հայտարարությունը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ ու՞ր չքվեց, այդ ինչու՞ պարոնը հետ կանգնեց իր հայտարարությունից և ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի փոխարեն բանակցային սեղանի շուրջ են նստելու «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները։
Տեսնես էն 886 հազար ընտրողներից քանիսի՞ վեջն է այս ամենը։

Հ. Գ. Մի քիչ փնտրեցի, մի 2 բան նախկին գրածներիցս գտա այս հարցի շուրջ։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր