Բեդվորթից (Յորքշիր, Մեծ Բրիտանիա) 17 տարեկան Բեթ Ուորլին իր մոտ սկսել է նկատել տրամադրության կտրուկ փոփոխություններ, իսկ զգացումները զսպելն ու կառավարելը նրա համար անչափ դժվար էր դարձել: Ինչպես ավելի ուշ է պարզվել, այս փոփոխությունները լյարդի քաղցկեղի ախտանիշներ էին:
The Daily Mail հայտնում է, որ անսպասելիորեն աղջկա մոտ, որը նախկինում եղել է ավելի հավասարակշռված, սկսել են հայտնվել զայրույթի նոպաներ և տրամադրության փոփոխություններ: Նրա մոտ տրամադրության փոփոխություն և զգացմունքային ուժգին արձագանքներ՝ ինչպես ագրեսիա, այնպես էլ լալկանություն, կարող էին առաջացնել ամենահասարակ բաները, օրինակ՝ հատակին ընկած իրը: Եթե հանկարծ ինչ-որ բանից դժգոհ էր, ադրենալի ներհոսքն առաջացնում էր ջերմություն և հևոց, սրտի զարկերի հաճախացում: Բեթին երբեմն թվում էր, թե ահա-ահա կուշաթափվի:
«Ես չէի կարողանում կառավարել իմ էմոցիաները: Մեկ ակնթարթում դառնում էի խելացնոր, իսկ հաջորդ պահին արդեն սկսում էի հեծկլտալ»,- հիշում է նա:
Աղջկա մոտ, բացի էմոցիոնալ «ճոճանակներից», հայտնվել է նաև փորացավ, որը սկզբում վերագրել են գրգռված աղիների համախտանիշին:
18 տարեկանում հերթական հետազոտությունից հետո պարզվել է, որ աղջկա մոտ քաղցկեղ է՝ պարագանգլիոմա, որի դեպքում ուռուցքներն աճում են նյարդային բջիջների վրա և կարող են զարգանալ տարբեր տեղերում: Այսպիսի ուռուցքները սովորաբար դանդաղ են աճում և հաճախ բարորակ են: Բայց երբեմն կարող են վտանգավոր լինել, ինչպես և դա տեղի էր ունեցել պատանի բրիտանուհու դեպքում: Բեթի մոտ պարագանգլիոման հորմոնների արտադրման խախտում էր առաջացրել, ինչը և ադրենալինի ժայթքման պատճառն էր՝ ոչ ադեկվատ զգացմունքայնությամբ:
Բիրմինգեմում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցում աղջկան մի քանի շաբաթ առաջ վիրահատել են, և ուռուցքը լյարդից ու հարևան գեղձերից հեռացվել է:
«Վիրահատությունից հետո ես կարողացա ուշքին գալ մի քանի ամիս հետո, բժիշկներն անգամ ինձ առաջարկում էին համալսարանից հեռանալ: Բայց ես հրաժարվեցի, վերադարձա ուսմանը և անգամ կարողացա մեքենա վարելու քննություն հանձնել»,- պատմել է Բեթը: