Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի օգտագործումը կարգելվի 2022 թվականի հունվարի 1-ից՝ սակայն որոշ բացառություններով: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ բացառության մեջ մտնելու են կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, որոնք չունեն բռնակներ, աղբի համար նախատեսված տոպրակները, որոնք արտադրվում են երկրորդային հումքից: Այլընտրանքը լինելու են թղթից, կտորից պատրաստված տոպրակները:
«Մենք այս ընթացքում ակտիվ աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Քննարկումներ ենք ունեցել տոպրակ արտադրողների, ռեստորանների, խանութների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրել ենք ծրագրի մանրամասները: Արգելքի մեկնարկից երկու տարի առաջ ենք սկսել իրազեկումը, որպեսզի արտադրողները կարողանան իրենց աշխատանքները վերանայել, արտադրանքի ծավալները սպառել»,- ասաց Իրինա Ղափլանյանը:
Նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ տարեկան Հայաստանում մեծ ծավալի պոլիէթիլենային տոպրակ է շրջանառվում: Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո ակնկալվում է շրջանառությունից դուրս բերել տարեկան 4 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ:
«Այսինքն՝ պատկերացրեք, թե ինչ ծավալի մասին է խոսքը: Պոլիէթիլենային տոպրակները, որոնք դառնում են թափոն, տարիներ շարունակ չեն քայքայվում, ինչն էլ վատ հետևանքներ է ունենում մեր միջավայրի վրա: Ասեմ, որ այս փոփոխությունը սպառողի համար հավելյալ բեռ չի լինելու, պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք առաջարկվելու է»,-ասաց Լուսինե Ավետիսյանը:
Նախարարությունն ակտիվ իրազեկման աշխատանք է տանելու հանրության շրջանում, որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, թե պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկը ինչ բացասական ազդեցություն են թողնում մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա:
«Պոլիմերային արտադրանքը չի քայքայվում հարյուրավոը տարիներ, այն մտնում է սննդային շղթա: Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ ծովամթերքում առկա է միկրոպլաստիկ: Վերջերս Գերմանիայում հետազոտություն է կատարվել և պարզվել է, որ նույնիսկ գարեջրում առկա է միկրոպլաստիկ: Գիտենք, որ գարեջրի արտադրության մեջ բավական բարձր ֆիլտրացիայի համակարգեր են ներդրված, և եթե միկրոպլաստիկն անցնում է այս արտադրության մեջ, ապա պետք է հասկանալ, որ պլաստիկի սննդային շղթա ներթափանցումը շատ վտանգավոր է»,-ասաց Իրինա Ղափլանյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում իրազեկման մեծ աշխատանքներ տանել սոցիալական գովազդների, տեղեկատվական նյութերի, առանձին հաղորդումների օգնությամբ, սոցիալական ցանցերում ևս ակտիվ գործելու են, կազմակերպելու են տեղեկատվական արշավներ:
Պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից դուրս բերելն առաջին քայլն է: Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է այլ նախաձեռնություններ ևս: Մասնավորապես, դիտարկվում է «վճարի ետվերադարձի համակարգ»-ի ներդրումը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում: Պլաստիկից, ալյումինից, ապակուց պատրաստված շշերը ենթակա են վերամշակման: Զարգացած երկրներում գործում է մի համակարգ, երբ առևտրի կենտրոններում տեղադրված են սարքեր, որոնք ընդունում են այդ տարաները, իսկ դրա դիմաց քաղաքացուն տալիս են կտրոններ, որոնք կարող են սուպերմարկետում օգտագործել: Ներկայում հետազոտություն է կատարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումներ պետք է իրականացվեն: