Այլատյացության վերաբերյալ երկու գրառում հանդիպեցի ֆեյսբուքում (Ruben Vardazaryan, Hasmik Hrachian), ու հիշեցի առնվազն չորս տարի առաջ ինձ հետ պատահած դեպքը, որը մի անգամ կարծեմ պատմել եմ: Բայց հիմա էս թարմ դեպքերը նորից հիշեցրին էդ արտառոց պատմությունը:
Ուրեմն, Թբիլիսի էի գնում: Երթուղայինում իմ դիմացի նստարանին բավական մարմնեղ տիկնայք էին նստած, որոնց խոսակցությունից հասկացա, որ նրանցից մեկը գնում էր Թբիլիսի, որպեսզի էնտեղից մեկներ Աթենք. էնտեղ էր մշտապես բնակվում, ուղղակի ամռանը այցելել էր հարազատներին Հայաստանում:
Մարշրուտկայի «լրացուցիչ» աթոռակը դրված էր հենց դռան մոտ, ու դա բաժին էր հասել մի միջին տարիքի օտարերկրացի տղամարդու (ի դեպ՝ սպիտակամաշկ, իմ տպավորությամբ՝ ֆրանսիացի կամ բրիտանացի): Ու էս մեր «հյուրը» ստիպված էր լինում ամեն անգամ տեղից վեր կենալ ու ճանապարհ տալ մեքենայից իջնող ուղևորներին, երբ մարշրուտկան այս կամ այն պատճառով ինչ-որ տեղ կանգառ էր անում. դե, ուտելիք ձեռք բերելու կամ էլ էդ ուտելիքն «արտազատելու» նպատակով:
Հերթական կանգառից հետո երբ բոլորը տեղավորվեցին, ու մեր էս օտարերկրացին փորձեց փակել դուռը, չստացվեց, ու նա մի քանի անգամ կրկնեց փորձը:
Ու էդտեղ մարշրուտկայի վարորդի նյարդերը տեղի տվեցին. ախր իր մեքենան «սարսափելի կարգին-սարքին» վիճակում էր, իսկ էդ «լոխը» ջարդում էր դուռը:
«Ախպոր պես, թող բաց մնա էդ անտերը, բալքի դու էլ դուրս ընկնես՝ պրծնենք քեզնից»,- գոռաց նա՝ արժանանալով ամբողջ երթուղայինի խրախուսական ծիծաղին: Օտարերկրացին, ոչինչ չհասկանալով, նույնպես ժպտում էր:
Ես էլ չդիմացա. թե ասա՝ ինչ մոծակ էր ինձ կծել: Սկսեցի պաշտպանել մեր հյուրին ու ասացի, որ հայերի հյուրասեր լինելու մասին խոսակցությունները միֆ են: Որ աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող հայերը անհանդուրժող են իրենց երկիր ժամանած օտարերկրացիների նկատմամբ…
Ու էստեղ Հունաստան մեկնող տիկինը գրոհեց ինձ վրա.
«Ես թույլ չե՛մ տա իմ երկրի մասին էդպես խոսել, չհամարձակվե՛ս»:
Ու դա ինձ՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացուս ասում էր մեկը, որ մշտական բնակության էր մեկնել այլ երկիր:
Դե բա չասեի՝ դու՛ չհամարձակվես, ես էս երկրի քաղաքացի եմ, դո՞ւ ով ես: Քեզ էնպես ես պահում, կարծես ամբողջ աշխարհը քեզ պարտք է:
Հիմա էլ, հնդիկների փնթիությունից դժգոհող քաղաքացիները թող նայեն իրենց շուրջբոլորը, թող տեսնեն նոր տեղադրված աղբամանները ու հետո տեսնեն աղբի մեջ թաղված իրենց բակերն ու փողոցները, թող տեսնեն բարձր հարկից աղբը փողոց նետող իրենց հայրենակիցներին: Թող տեսնեն շենքի մուտքում փակցված գրությունը՝ «Խնդրում ենք աղբը չլցնել զուգարանակոնքի մեջ, խցանվում է»…
Կարծեմ մեր բանաստեղծներից մեկն է ասել՝ ես սիրում եմ իմ երկիրը ու իմ ժողովրդին՝ ամբողջության մեջ, բայց նրա քաղաքացիներից՝ առանձին-առանձին, զզվում եմ:
Գրականագետ Սեդա Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջից: