Հոնկոնգցի ականավոր համաճարակաբան Գեբրիել Լյանը կարծիք Է հայտնել, որ Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող Է նոր կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել:
Բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել Է, որ փորձագետների մեծ մասը հակված Է կարծելու, որ յուրաքանչյուր վարակված կարող Է վիրուսը փոխանցել եւս առնվազն երկու մարդու, այսինքն՝ ախտահարվածության ցուցանիշը կարող Է կազմել 60-80 տոկոս:
Լյանի խոսքով՝ այժմ հիմնական խնդիրներն են վիրուսի տարածման մասշտաբները որոշելը, ինչպես նաեւ պարզելը, թե արդյոք Չինաստանում ձեռնարկված միջոցներն իրոք արդյունքներ են տալիս: «Երկրի բնակչության 60 – 80 տոկոսը կվարակվի արդյոք: Գուցե՝ ոչ: Գուցե դա տեղի ունենա ալիքաձեւ: Գուցե մահաբեր վախճանների քանակը նվազի»,- ասել Է թերթի զրուցակիցը:
«Ենթադրենք (կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի – խմբ.) Չինաստանի միջոցներն աշխատեն,- շարունակել Է նա:- Բայց որքա՞ն երկար կարելի Է փակ պահել դպրոցները: Որքա՞ն երկար կարելի Է արգելափակել մի ամբողջ քաղաք»: Լյանը համաշխարհային մակարդակի փորձագետներից մեկն Է կորոնավիրուսային համաճարակների ոլորտում: 2002 – 2003 թվականներին նա բրիտանացի գործընկերների հետ աշխատել Է ոչ տիպական թոքաբորբի համաճարակի կասեցման բնագավառում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: