Կորոնավիրուսի վարակի տարածումից ամենաշատը տուժում են տնտեսության երկու ոլորտները` զբոսաշրջությունն ու տրանսպորտը։ Տրանսպորտի ոլորտի անկումն էլ հանգեցնելու է նավթի պահանջարկի անկման ու գների նվազման։
Համաշխարհային համաճարակի տնտեսական հետևանքները լրագրողների հետ հանդիպմանն այս կերպ բնորոշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Հայաստանում, նրա խոսքով, առայժմ նկատելի է միայն զբոսաշրջության ոլորտի կրած վնասը։
«Մարտ ամսին մենք սովորաբար արդեն ունենում ենք 30-50 հազար զբոսաշրջիկների ներհոսք` ի հաշիվ Իրանից եկածների,– ասաց Պարսյանը,– կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսու է 1 000 ԱՄՆ դոլար։ Եթե հաշվենք, որ 30 000 զբոսաշրջիկ Հայաստան չի եկել, ապա կարող ենք ասել, որ մենք արդեն 30 000 000 դոլարի կորուստ ենք ունեցել»,– ասաց նա։
Ընդ որում, իրանցի զբոսաշրջիկները որպես կանոն Հայաստան են ժամանում Նովրուզի օրերին` մարտի 21-ին նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանում։ Նախորդ տարիներին այդ ժամանակահատվածում Հայաստանում գրեթե ազատ հյուրանոց ու հյուրատուն հնարավոր չէր գտնել։ Այսօր ճիշտ հակառակ պատկերն է. հյուրատները չեն կարողանում զբոսաշրջիկ գտնել։
Երևանի կենտրոնում, Հանրապետության փողոցում գործող հյուրատան սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս տարի դեռ ոչ մի հյուր չեն ունեցել։
«Բոլոր սենյակները դատարկ են, ոչ մի գործ չկա»,– ասաց նա։
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի աշխատակիցն էլ հայտնեց, որ այս սեզոնի համար նախապես ամրագրված համարներից շատերը հրաժարվել են։
«Ծաղկաձոր միայն հայաստանցիներն են գալիս` հանգստյան օրերին»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am