Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով. Կանադահայ բժիշկ. arevelk.am
Advertisement 1000 x 90

Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով. Կանադահայ բժիշկ. arevelk.am

Կանադայում բնակվող նշանավոր և փորձառու բժիշկ, հոդվածագիր, բազմաթիվ գրքերի հեղինակ  Կարպիս Հարբոյանը մամուլում տպագրված իր հոդվածներում հաճախ է գրել կորոնավիրուսի մասին: Դեռևս այս հունվարին, երբ Չինաստանում կորոնավիրուսի տարածման մասին արդեն հայտարարվել էր, բայց շատ տեղեկատվություն չկար, բժիշկ Հարբոյանը սփյուռքահայ մամուլում տպագրել էր  «Ճանաչենք թագաժահրը» հոդվածը: Ի դեպ, կորոնավիրուսը «թագաժահր» անվանելու հեղինակային իրավունքը պատկանում է Կարպիս Հարբոյանին, որն այդ տերմինը նախկինում էլ է օգտագործել  իր հայերեն հոդվածներում: Նա վիրուսը հայերենով կոչել է «թագաժահր», իսկ  վիրուսի հարուցած հիվանդությունները՝ «թագաժահրախտ» (corona virus disease):

Ըստ կանադահայ բժշկի, կորոնավիրուսի հարուցիչը coronaviridae վիրուսն է, որ առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ականներին, մի հիվանդի մոտ, որն ուներ ռինիտ՝ քթի լորձաթաղանթի բորբոքում:

Կարպիս Հարբոյանը, նկարագրելով վիրուսն ու նրա հարուցած խնդիրները, հանգիստ է վերաբերվում դրան, նշելով, որ ամեն մարդ իր կյանքում նվազագույնը մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով, ուստի կարիք չկա տագնապելու, փոխարենը պետք է միջոցներ ձեռնարկել՝ դիմակայելու և առանց խնդիրների հաղթահարելու:

Ըստ Հարբոյանի, բնության մեջ կորանավիրուսը շատ հեշտությամբ հարվածում է կովերին, խոզերին, հավերին, ինչպես նաև չղջիկներին, օձերին և մի շարք ընտանի կենդանիների: «Վարակումը շատ արագ է տեղի ունենում անասուններով, հավերով և օձերով  լցված շուկաներում, ինչպես նաև  մորթված կենդանիների հատուկ շուկաներում  և սպանդանոցներում»,-նշում է  Կարպիս Հարբոյանն իր հոդվածում, ավելացնելով, որ կորոնավիրուսն առհասարակ այն վիրուսների շարքում չէ, որ մարդուն անցնում է  հեշտությամբ, իսկ անցնելու դեպքում էլ, ունենում է թեթև ախտանիշներ,  չհաշված որոշ ծանր դեպքեր, որոնց մասին նշել է:

«Մարդկանց առաջնային վարակումը տեղի է ունենում վարակված կենդանիներին կամ նրանց արտաթորանքին, լորձին դիպչելով»,-գրում է Կարպիս Հարբոյանը: Այնուհետև նա թվարկում  է մարդուց մարդ փոխանցվող վարակի ուղիները, այն, ինչն  արդեն գիտեն բոլորը և ինչի մասին շատ է խոսվում այսօր՝ օդակաթիլային ճանապարհն ու  վարակված մարդու հետ սերտ շփումները: Բժիշկը շեշտում է նաև  ոչ միայն կորոնավիրուսով վարակված մարդուց, այլև նրա իրերից հեռու մնալու հանգամանքը, քանի որ վիրուսը, նրա նկարագրմամբ, կենսունակ է մնում որոշ մակերեսների վրա: Կանադահայ բժշկի խորհուրդները դեռևս չորս ամիս  առաջ նույնն էին՝ հաճախ լվացվել, չհամբուրվել հիվանդների հետ, չօգտվել ընդհանուր պարագաներից, ախտահանել շրջապատը:

Ըստ Կարպիս Հարբոյանի, չնայած  այս կամ այն թվով օրեր են նշվում վիրուսը մարմնում զարգանալու առումով,  բայց մինչև օրս հայտնի չէ  մարդու մարմնում վիրուսի «թուխս նստելու» (ձևակերպումն իրենն է-խմբ.) ժամանակաշրջանը:

«Այսինքն,  առողջ մարդու՝ կորոնավիրուսով  վարակվելուց հետո հայտնի չէ, թե ո՛ր օրը ի հայտ կգան ախտանիշները: Հայտնի չէ նաև, թե վարակված մարդը ո՛ր օրն է վարակում առողջ մարդու»,-գրում է կանադահայ բժիշկը:  Կորոնավիրուսի մասին իր հոդվածում Կարպիս Հարբոյանը նշում է նաև, որ կորոնավիրուսով մարդը կարող է հիվանդանալ ցանկացած եղանակի, տարիքը նույնպես կապ չունի:

«Վիրուսն ընդհանրապես սովորական հարբուխի նշաններով է ընթանում և տևում է մի քանի օր: Որևէ բուժում պետք չէ, բայց հիվանդը պետք է մնա տանը և առատ ջուր խմի»-խորհուրդ է տալիս փորձառու բժիշկը, ավելացնելով, որ մտահոգիչ ախտանշանների և հիվանդագին լուրջ վիճակի դեպքում պետք է դիմել բժշկի: Իսկ այդ հիվանդագին վիճակը նա նկարագրում է մի քանի ախտանշաններով.

Եթե վիրուսն առաջացնում է.

-շնչուղիների լուրջ բորբոքումներ՝ քթախոռոչաբորբ (sinusitis), քթաբորբ (rhinitis), ըմպանաբորբ (pharyngitis), խռչափողաբորբ (laryngitis), շնչափողաբորբ (tracheitis), ցնցղատապ (bronchitis) և թոքատապ (pneumonia): Երեխաներն  ունենում են  նաև միջին ականջի բորբոքում և լսողության թուլացում:

Իր փորձառության ընթացում բժիշկը հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների, որոնք ունեցել են նաև հոսք քթանցքներից, կոկորդի ցավ, ջերմություն, գլխացավ, որոնց  հաջորդում է ձայնի փոփոխությունն ու մեղմ  հազը: Իսկ երբ մարմինը չի կարողանում հաղթահարել վիրուսը,  հաջորդում է ուժգին հազը, բարձր ջերմությունը, թոքաբորբը: Կանադահայ բժիշկը նույնպես  ուշադրություն է հրավիրում տարեցների, ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց և  HIV (ՄԻԱՎ)  ու AIDS  (ՁԻԱՀ) ունեցողների վրա, այն առումով, որ ծանր ախտանիշները նկատվում են հիմնականում նրանց մոտ: Ծանր հիվանդները, բժշկի ցուցմամբ, խնամվում են հիվանդանոցներում: Պատվաստանյութ դեռևս չկա, բայց այդ ուղղությամբ աշխատում են, հիշեցնում է նա:

Այնուհետև բժիշկն իր հոդվածում գրում է 2000 թվականից ի վեր աշխարհում տարածված կորոնավիրուսի տարբեր տեսակների մասին: Այսօր աշխարհը սարսափի մատնած վիրուսը SARS-CoV-2 տեսակն է, նա նշում է նախորդ տասնամյակում  մի շարք երկրներում տարածվածները.

-«MERS-middle east respiratory syndrome» (Միջին Արևելքի շնչառական համախտանիշ)  (https://www.who.int/emergencies/mers-cov/en/)

-«SARS-severe acute respiratory syndrome» (Ուժեղ անակնկալ շնչառական համախտանիշ)  (https://www.who.int/csr/sars/en/)

2003-ին աշխարհում 774 մարդ է մահացել «SARS» կորոնավիրուսից:

2012-ին MERS կորոնավիրուսը համաճարակի ձևով տարածվել է  Միջին Արևելքում՝ խլելով 858 մարդու կյանք: Այն սկիզբ էր առել Սաուդյան Արաբիայից, ապա տարածվել Աֆրիկայում, Ասիայի տարբեր երկրներում և Եվրոպայում:

2014-ին երկու վարակված մարդ է հայտնաբերվել  Հյուսիսային Ամերիկայում:

2015-ին այս վիրուսը հայտնվել է Կորեական տարածաշրջանում և արդեն, ինչպես գիտենք, 2019-ին Չինաստանում հայտնաբերվել է  300 դեպք: Քանի որ հոդվածը լույս է տեսել 2020-ի հունվարին,  վերջին զարգացումների մասին բժիշկը, բնականաբար ոչինչ չի գրել: Մինչև տեստերի հայտնվելը, Կարպիս Հարբոյանը նշել է, որ կորոնավիրուսը հաստատվում է քթանցքի, կոկորդի հեղուկի և խորխի լաբորատոր մշակմամբ, ինչպես նաև՝ արյան քննությամբ ու թոքերի նկարումով:

«Տարածումը մտահոգիչ է, բայց ոչ՝ ահաբեկիչ»,- նշում է բժիշկը՝ հորդորելով հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին:

arevelk.am