Չինաստանում բնակվող հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին: Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն արդեն հասանելի է YouTube-ում: Փաստավավերագրական Ֆիլմը, որն էկրաններ է բարձրացել 2014 թ-ին, պատմում է Մետաքսի ճանապարհի, Հայաստանի եւ Չինաստանի բարեկամական հարաբերությունների մասին: Ամեն ինչ սկսվել է այն օրը, երբ ռեժիսորն այցելել է Չիաստանի թանգարաններից մեկը, որտեղ տեսել է հայկական եւ պարթեւական մանրադրամներ: Ռուբենին հանգիստ չի թողել այն միտքը, որ Հայաստանում մարդիկ, գուցե, այս մասին չգիտեն, եւ որոշել է ֆիլմի միջոցով փոխանցել տեսածն ու զգացածը:
ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են 2011թ-ին եւ տեւել 3 տարի:
Նկարահանման ընթացքում նկարահանող խումբն այցելել է 11 երկիր, անցել շուրջ 80,000կմ եւ 8 գիտական բացահայտում կատարել:
Այսօր էլ ռեժիսորը նախապատրաստվում է նոր վավերագրական պատմության աշխատանքներին. այս անգամ նրա թեման ամենաքննարկվող համաճարակն է լինելու:
NEWS.am STYLE-ը զրուցել է Ռուբեն Գինեյի հետ նախորդ ֆիլմի հաջողության, Չինաստանում ապրելու եւ աշխատելու որոշման, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսի եւ այսօր Չինաստանում շարունակվող արտակարգ միջոցառումների մասին:
Ռուբեն, «Անդին» Ֆիլմի նկարահանումները տեւել են 3 տարի. այդ տարիների ընթացքում, փաստորեն, ապրել եք այդ ֆիլմով, գաղափարով… Վերադառնալով 2011 թ` կհիշե՞ք ինչն է, հատկապես, Ձեզ դժվար տրվել այդ գործընթացում:
Նկարահանումների մեկնարկի պահից առաջնային ու ամենաբարդ խնդիրներից մեկը դարձավ կինոյի լեզվով ծավալուն պատմական փաստեր ներկայացնելը՝ այնպես, որ դա չդառնար զուտ գիտական տվյալների թվարկում, իսկ «Անդինը» հետաքրքիր լիներ ե՛ւ պատմաբանի համար, ե՛ւ հասարակ հանդիսատեսի։ Ես, որպես ռեժսիսոր, փորձեցի շարադրել գիտական հոդվածը կինոյի լեզվով, բառը սարքել տեսանյութ։ Այդ պատճառով էլ պահանջվեց այդքան երկար ժամանակ (3 տարի) եւ մի մեծ ճամփորդություն աշխարհով մեկ։ Անցել ենք 80.000 կմ, ինչը համազոր է նրան, եթե մենք երկու անգամ պտույտ կատարեինք մոլորակի շուրջ՝ միայն, թե ցույց տանք հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված էր գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում։
Ինչպե՞ս գտաք Ձեր հերոսներին, բա՞րդ է եղել մասնագետներ գտնելը, որոնք կկարողանային կիսվել պատմությամբ:
Սկզբում թվում էր, թե գործը հեշտ կլինի. անհրաժեշտ է միայն ճիշտ մարդկանց գտնել եւ խոսել նրանց հետ։ Բայց, քայլ առ քայլ գնալով առաջ, պարզ դարձավ, որ տվյալ թեմայով գրեթե ոչ ոք չի զբաղվել: Չկար մեկը, որը միաժամանակ ուսումնասիրած լիներ Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Մեքսիկայում կամ Ֆրանսիայում պահվող նյութերը։ Նառւ քիչ մասնագետներ կան, որոնք կկարողանան միաժամանակ խոսել ռուսերեն, հայերեն, չինարեն, անգլերեն եւ, հետռւաբար՝ վերլուծել այն ահռելի պատմական տվյալները, որոնք մեզ հանդիպել էին։ Կտոր առ կտոր, քաղաք առ քաղաք, երկիր առ երկիր` փազլ խաղի պես, մենք, իրական հայտնագործություններ կատարելով, ստեղծեցինք «Անդին» ֆիլմը։
Ֆիլմը ցուցադրվել է Չինաստանում. ի՞նչ արձագանքներ է այն ունեցել:
Ֆիլմը ցուցադրվել է Silk Road «Մետաքսի Ճանապարհ» միջազգային փառատոնի ժամանակ, ինչպես նառւ մի քանի փոքր ցուցադրումներ են եղել Պեկինում, Շանհայում, Հոն Կոնգում։ Հանդիսատեսը զարմացած էր, թե մի փոքր ազգ ինչ մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության մեջ։
Օրինակ՝ փաստերից մեկը, որ 1822 թ-ին չինարեն լեզվով Աստվածաշնչի առաջին թարգմանությունն արվել է Հովհաննես Ղազարյանի կողմից, որին ֆիլմում առանձին դրվագ է հատկացված։
Չնայած պրեմիերան 2014-ին է եղել՝ ֆիլմը միայն օրերս է տեղադրվել YouTube-ում: Ի՞նչն է պատճառը, որ այն ավելի վաղ հասանելի չեք դարձրել հանրությանը:
Քանի որ վերջին տարիներին Հայաստանում ներքաղաքական վիճակն ակտիվացել էր, մարդիկ ամբողջությամբ կլանված էին քաղաքականությամբ, մշակութային թեմաներն ու նորությունները, կարծես, այդքան էլ արդիական չէին՝ այն էլ՝ երկրի սահմաններից դուրս կատարվող: Անկասկած, կային մարդիկ, որոնք պատրաստ էին Հայաստանում ֆիլմը հասցնել հանդիսատեսին, բայց զգում էինք, որ դեռ ժամանակը չի հասունացել:
Զուգահեռ ֆիլմը արագ տեմպերով հաջողություն ու ճանաչելիություն էր նվաճում Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ճապոնիայում:
Բացի այդ, 2015-2020 թթ պայմանավորված էին հսկայական փոփոխություններով կինոարտադրության մեջ: Մահանում էին DVD սկավառակները, մարդիկ հաճախ դիմում էին ինտերնետի օգնությանը նոր ֆիլմ նայելու համար, ավագ սերունդը շարունակում էր դիտել հեռուստացույց տանը: Հասկանալ էր պետք՝ ո՞ր ուղղությամբ շարժվել: 2019-ին բացվեց www.andindoc.com կայքը, որտեղից հանդիսատեսը կարող էր ձեռք բերել ֆիլմը: Բայց այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է թույլ տալ նրանց կատարել ճամփորդություն դեպի հեռավոր և էկզոտիկ երկրներ: Հայկական պատմության նոր էջեր բացահայտել: Այդ իսկ պատճառով Andin. Armenian Journey Chronicles ֆիլմն առաջին անգամ ամբողջությամբ մատչելի է YouТubе-ում:
Հետաքրքիր կլինի անդրադառնալ նաեւ Ձեր` Չինաստան տեղափոխվելուն: Եթե չեմ սխալվում, 2005-ից եք այնտեղ ապրում եւ աշխատում: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ երկիրն ընտրեցիք բնակության համար:
Չինաստան են գալիս երկու ճանապարհով՝ կամ միտումնավոր, կամ՝ հանկարծակի։ Ես երբեք չէի մտածել Չինաստանում ապրելու մասին, բայց ամեն ինչ անսպասելի ստացվեց։ 2004 թ-ին, դեռ լինելով ВГИК (Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ)-ի ուսանող, ես գործուղվեցի Շանհայ՝ նկարահանումների մասնակցելու։ Այստեղ ծանոթացա Kuiyou գովազդային գործակալության տնօրեն պարոն Յան Սանի հետ, ով, առանց երկար մտածելու, առաջարկեց ինձ աշխատել իր մոտ։ Այդ պահին դա ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկն էր Շանհայում, որը համակործակցում էր Samsung, Macdonalds, Loreal Paris, Shiseido, Panasonic ընկերությունների հետ։ Ես որոշեցի ընդունել հրավերը և 2005 թվականի մարտին տեղափոխվեցի Չինաստան։ Ծանր, բայց հետաքրքիր սկիզբ էր։
Մասնակցել եք մի շարք չինական ֆիլմերի նկարահանումներին. հե՞շտ էր այնտեղ Ձեզ Ձեր մասնագիտության մեջ գտնելը:
Ասեմ, որ չափազանց հետաքրքիր էր նկարահանվել չինական ֆիլմերում, բայց միաժամանակ դա շատ յուրահատուկ եւ ծանր աշխատանք էր։ Երբեմն անսովոր դեպքեր էին տեղի ունենում նկարահանումների ժամանակ` օրինակ մի անգամ ըստ սցենարի պետք է համբուրվեի իմ «կնոջ» հետ, բայց իրականում տեսնում էիր այդ դերասանուհուն առաջին անգամ նկարահանման տաղավարում։ Հաճախ դերը տալիս էին նկարահանումներից 10 րոպե առաջ. չինացիները սիրում են աշխատել առանց հանգստի, եթե պետք լինի 48 ժամ անընդմեջ։ Սկզբում դա քանդում է քեզ, բայց ժամանակի ընթացքում ինձ այդ ոճը սկսեց դուր գալ, և ես շատ շնորհակալ եմ այդ բոլոր փորձությունների համար, որոնք ինձ դարձրին իսկական պրոֆեսիոնալ։
Հայաստանում հաճա՞խ եք լինում:
Հայաստանը մնում է իմ տունը։ Հասկանալով, որ ես այսօր ավելի մեծ օգուտ կարող եմ տալ իմ երկրին արտասահմանում գտնվելով՝ ես շարունակում եմ աշխատել արտերկրում, բայց ամեն պատեհ առիթ օգտագործում եմ, որպեսզի վերադառնամ տուն։
2007 թ-ին վերադարձա ծառայելու Հայոց բանակում։ Լինելով Պաշտպանության նախարարության ծառայող՝ աշխատում էի «Զինուժ» հաղորդաշարում։ Այդ պահին շատ էինք ճանապարհորդում Հայաստանով, ես առաջին անգամ բացահայտեցի ինձ համար Արցախը իր բոլոր գեղեցկություններով, Հայաստանի հարավը և հյուսիսը՝ փոքր եւ խոշոր գյուղերով, մոլորված, մոռացված եկեղեցիներով։ Այդ փորձն ի վերջո նաեւ դրդեց ստեղծել «Անդին» ֆիլմը։ Ամեն տարի ես վերադառնում եմ հայրենիք, աշխատանքս կատարելու համար՝ լինի դա 2016թ ապրիլյան քառօրյան, երբ ես եկա Չինաստանից, որպեսզի մեկնեմ Արցախ՝ նկարահանումների, թե 2018-ի գարունը, երբ տեղի էր ունենում հեղափոխությունը եւ ես նորից Հայաստանում էի։
Հիմա ամբողջ աշխարհը դժվար կացության մեջ է` կորոնավիրուսի պատճառով: Վիրուսի բռնկման շրջանում Չինասանո՞ւմ էիք:
Հունվարի 4-ն էր, առավոտյան ժամը 7-ը, երբ առաջին անգամ լսեցի տասնյակ հիվանդների մասին Չինաստանի Վուհան քաղաքում։ Քանի որ ես յուրահատուկ հետաքրքրություն ունեմ հիվանդությունների նկատմամբ, եւ, նույնիսկ, մի քանի ամիս Երեւանում աշխատել եմ հակաժանտախտային կենտրոնում, եղել եմ համաճարակների անմիջական ականատես՝ 2002-2003թթ-ին Չինաստանում, 2012թ-ին դենգեի համաճարակը Հնդկաստանում, այս լուրը միանգամից գրավեց իմ ուշադրությունը։ Երկու շաբաթ հետո, երբ հիվանդների թիվը գերազանցեց 10 000-ը, ես հասկացա, թե ինչ է սպասվում։ Մտերիմներս և ընկերներս խորհուրդ էին տալիս վերադառնալ Հայաստան, բայց արդեն պարզ էր, որ հիվանդությունը, որի վիրուլենտությունը հասնում է օրական 7000 նոր վարակված դեպքերի, արդեն գրավել է ամբողջ աշխարհը, մնացածն ընդամենը ժամանակի հարց էր։ Փետրվարի 5-10-ը Չինաստանի համար ամենասեւ օրերն էին։ Վուհան քաղաքը մահանում էր աչքի առաջ։ Ես չեմ պատրաստվում պաշտոնական թվեր ասել, բայց համոզված եմ, որ հետագայում, երբ ամեն ինչ ավարտվի, մարդիկ կհասկանան, թե ինչ էր կատարվում այստեղ այդ օրերին։ Իսկ մարդկությունը շարունակում էր կատակել եւ covid-19 համաճարակը թվում էր հեռավոր մի երեւույթ։ Ասեմ, որ հենց ամենասկզբից Չինաստանի ժողովուրդը ամրակամորեն վերաբերվեց այս աղետին: Ես չեմ տեսել ոչ մի խուճապի նշան, բոլորը կատարում էին ամենաչնչին պահանջները, մեկ ու կես միլիարդ բնակչությունը, կարծես, մեկ մարդ դարձավ:
Արդեն ապրիլ ամիսն է, մինչ այսօր հաց գնելու համար մենք պարտավոր ենք 3 կարանտինային անցակետ անցնել, ախտահանել ձեռքերը մթերային բաժին մտնելուց առաջ: Եվ դա կատարվում է ողջ երկրում:
Հիմա ինչպիսի՞ն է կյանքը Չինատանում. անցե՞լ եք արդեն աշխատանքի:
Ապրիլի 20-ի դրությամբ իրավիճակը խիստ վերահսկողության տակ է, քանի որ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։ Բոլոր թաղամասերում, բակերում կանգնեցված են կարանտինային անցակետեր, որոնք 24 ժամ հսկվում են մի քանի ոստիկանի եւ բույժքույրի կողմից։ Աշխատում են միայն առաջին անհրաժեշտության ծառայությունները եւ համակարգերը՝ սննդի, բժշկական հաստատությունները, ոստիկանությունը, որոշ արտադրություններ։ Փորձ կատարվեց բացել որոշ տուրիստական վայրեր, բայց արագ աճող հիվանդների թիվը ստիպեց նորից փակել դրանք: Բնակչության մեծ մասը շարունակում է ապրել իր կարանտինային 4-րդ ամիսը։
Եթե չեմ սխալվում, հնարավոր է՝ այս ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ եւս ստեղծեք…
Դեռ 2012թ-ին ձեռքիս ունեի Հայաստանում 1899-1904 թթ-ին տեղի ունեցած ժանտախտի համավարակի մասին կինոսցենարը։ Գրեթե, 8 տարի պատրաստվում էի ֆիլմը նկարել։ Այսօրվա իրադարձություններին հետեւելով՝ ես հասկացա, որ ժամանակն, իսկապես, եկել է։ Մենք արդեն նկարահանման խումբ ենք հավաքում, եւ առաջիկա շաբաթներին մեկնարկելու է օնլայն քասթինգի փուլը։ Ինչ վերաբերում է վավերագրական ֆիլմին՝ տասնյակ ընկերներ, բարեկամներ, գործընկերներ ուղարկում են սեփական աչքերով տեսած եւ նկարահանած նյութեր՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Առաջին սեւագիր վավերագրական ֆիլմն արդեն տեղադրված է իմ ֆեսյբուքյան էջում՝ նույն այդ ուղարկված նյութերի եւ այլ ժապավենների տվյալների հիման վրա է արված։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ռուբեն Գինեյի անձնական արխիվից