Բջջային հավելվածով նկարված ճանապարհային կանոնների խախտման դեպքերով կհարուցվի վարչական վարույթ
Advertisement 1000 x 90

Բջջային հավելվածով նկարված ճանապարհային կանոնների խախտման դեպքերով կհարուցվի վարչական վարույթ

Կառավարությունը սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:

Ղազարյանի խոսքով՝ այս որոշման նպատակը ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է:

«Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար: Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նորանշանակ ոստիկանապետը:

Նրա տեղեկացմամբ, բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող  և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից: