Նազենի Հովհաննիսյանը կիսվել է իր մտորումներով ու հուշերով մոր՝ Էմմա Բլեյանի մասին։ Դերասանուհու մայրն այսօր կդառնար 70 տարեկան։ Նազենին լուսանկար է հրապարակել ու գրել․
«Մայրս ինչու՞ էդքան հապշտապ գնաց` առանց հրաժեշտ տալու…
Իր 61-ում երեխայի աչքեր ուներ` չարաճճի ու ծիծաղկոտ, սիրտը` անհամար դառնություններով լի, երբեք քար չդարձավ:
Ասում էր.«ախր ես մենակ եմ,գոնե մի ձեռք գցող-օգնող լիներ»:Երևի բոլոր մայրերն են միայնակ` աշխարհի դեմ:Մենակ էր իր դարդերի հետ ու ցավերի մեջ, մեզ բաժին էր հանում իր անսահման բարությունն ու համբերությունը միայն: Ցավերն իրեն էր պահում: Մայրերն աշխարհի խիղճն են. ցեխաջրերն ու աղտերն իրենց հոգով են անցկացնում.մաքրագործում ու մեզ վերադարձնում Մաքուրը: Իսկ մենք էլի աղտոտում ենք անխնա: Մեզ հավաքում էր իրար գլխի ու մեծ թուխ կազմակերպում: Իր թխածը քաղցր էր: Էդ համն էլ չկա աշխարհում:
Թթու խոսք ասած չկար. միայն մի օր մեկի համար ասաց. «լղոզվող է»: Մեր ժ-ներում դրանից ավելի բնորոշ բառ չկա: Լղոզվողների ժամանակներում ենք ապրում:
Իր մահվան 2011-ից 9 տարի անց` ասես այլ մոլորակում ենք.այլ վարքեր, բարքեր… ավելի ճիշտ` դրանց բացակայություն:
Մորս սկզբունքը հստակ էր. չխանգարել, վատություն չանել, օգնել:
Ու մեկ էր` ով է օգնության դիմողը. իրեն վնասած մե՞կը, թե՞ իր մեջքի հետևում դուստրերից բամբասող բանսարկուն…Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի կորստի անդունդը:
Երբ հրաժեշտ էի տալիս իմ մանկության տանը, հետս բերեցի մորս գրքերը: Ու բարկացա: Բարկացա իր վրա, որ մեր տանը սնունդ կարող էր չլինել, բայց գիրք կար միշտ: Որ քնելու տեղից կարող էինք զրկվել ու իրար գլխի մի կերպ տեղավորվել, իսկ նորին մեծություն հյուրը` ուներ թե գիշերելու տեղ,թե կուշտ փոր:Բարկացա, որ էս չարացած ու կիսատ աշխարհում մեզ միայն բարությամբ ու մյուսներին հասնելու կարողությամբ է սնել:Նեղվեցի, որ իր ներարկած սկզբունքներն ու գաղափարներն այսօր ոչ միայն պետք չեն,այլև խանգարող են: Որովհետև աշխարհում լղոզվողներն են միայն մարսելի, իսկ սկզբունք ու տեսակ ունեցողները` «խանգարող»: Բարկացա, որ մեզ բերել ու դաստիարակել էին այլ իրականության համար, իսկ անկառավարելի այս քաոսում իմ մեղմախոս, քթի տակ ինձ համար «Արի իմ սոխակը» երգող Մայրիկիս ձայնը չէր լսվի ու մենք էլ էլ վաղուց լսելի չենք, որովհետև համատարած գոռոցի ու աղմուկի մեջ միայն ոռնոցն է լսելի, բայց ոչ երբեք Կոմիտասի «Կաքավիկը» կամ «Ամպելա»-ն: Խղճի ձայնն էլ է՛լ լսելի չէ… Անասելի տխրեցի, որովհետև Մայրիկիս գրքերը մասունքի պես դասավորելով հասկացա, որ վերջնական որբացել եմ, ես` նրա կորստով, աշխարհը` սիրո և խղճի բացակայությունից: #մայր»։