Երեխաներ, թոռներ, ամառանոց Զագորյանկայում, և սիրելի կին․ այսպիսին է ռուսաստանցի կինոդրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Ադաբաշյանի երջանկությունը։ Նա քանիցս նշել է, որ ընտանեկան միջավայրն ու մթնոլորտը, որում իրեն լավ է զգում, ստեղծել է երկրորդ կինը՝ դերասանուհի Եկատերինա Շչադրինան։ Ադաբաշյանի պատմությունը ներկայացնում է «Домашний очаг» պարբերականը։
«Իմ կինը տուն ու մթնոլորտ է ստեղծել, որտեղ ինձ թեթև եմ զգում։ Այն իմ մի մասն է»,- հարցազրույցի ընթացքում պատմել է Ադաբաշյանը։
Շչադրինայի հետ ապրելու ժամանակահատվածում նա երկու դուստրերի հայր և վեց թոռների երջանիկ պապիկ է դարձել։ Ներկայում ամուսիններն ապրում են Զագորյանկայի իրենց ամառանոցում։ Մի անգամ Ադաբաշյանն ասել է, որ ժամանակից հետ է մնացել և փակվել միջանկյալ կայարանում, որտեղ իրեն երջանիկ է զգում։
Կատերինայից առաջ
Ապագա կինոդրամատուրգը մեծացել է Մոսկվայում, դեռահասության տարիներից եղել է խորհրդային և ռուսական կինոդերասան, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ընկերը։ Այդ ժամանակ Ադաբաշյանը երազում էր վագոնավար դառնալ։ Սակայն շուտով մտափոխվեց, որոշեց նկարիչ դառնալ:
Տարիները հետևում են թողել Ադաբաշյանի ծառայությունը բանակում և ուսումը Ստրոգանովյան ուսումնարանում։ Նա Միխալկովի դիպլոմային աշխատանքի՝ «Հանդարտ օր պատերազմից ավարտին» ֆիլմի դեկորատորն է։ Այնուհետև եղել է նրա մեկ այլ՝ «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ՝ օտար» ֆիլմի բեմադրող նկարիչը։
Հենց այդ ժամանակ Ադաբաշյանը ծանոթացավ օպերատոր Պավել Լեբեշևի հետ։ Շուտով Լեբեշևի քույրը՝ Մարինան, և Ադաբաշյանը ամուսնացան։
«Կինոգործիչների շրջապատում երկար էին հիշում նրանց ուրախ հարսանիքը, որին երկու կողմերի ծնողներն էլ ներկա չէին։ Հանդիսության ամենաթեժ պահին փեսացուին մոտեցավ Անդրեյ Կոնչալովսկին և խնդրեց օգնել սցենարի հարցում։ Այդպես Ադաբաշյանը դարձավ սցենարիստ»,-գրում է պարբերականը։
Հենց այդ ժամանակ ծնվեց Կոնչալովսկու և Ադաբաշյանի «Գործը կյանքից կարևոր է» սցենարը։ Ադաբաշյանը լավ աշակերտ էր, և դրանից հետո արդեն մեկուկես ամսում ինքնուրույն գրեց «Անավարտ պիես՝ մեխանիկական դաշնամուրի համար» ֆիլմի սցենարը։ Ընդհանուր առմամբ Ադաբաշյանի սցենարների հիմա վրա 27 ֆիլմ է նկարահանվել։
Շուտով, սակայն, Ադաբաշյանի երջանկությունը մթագնեց․ երեք տարվա համատեղ կյանքից հետո՝ 1975թ․-ին, արյան վարակումից մահացավ նրա կինը՝ Մարինան։
Կատյան Սաշայի կյանքում
Կնոջ մահից երեք տարի անց Ադաբաշյանը շրջապատի և իր իսկ համար անսպասելի կերպով ամուսնության առաջարկություն արեց ուսանողուհի, սկսնակ նկարչուհի Եկատերին Շչադրինային, որը նրանից տասը տարով փոքր էր։
«Պարզվեց, որ Ադաբաշյանին, Միխալկովին իր կնոջ՝ Տատյանայի հետ և կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևին հյուրընկալել էին Եկատերինայի ծնողների մոտ»։ Հետաքրքիր է, որ Կատյան պետք է ընկերոջ հետ գար, Ալեքսանդրը՝ ընկերուհու, բայց նրանք չկորղացան գալ ինչ-որ պատճառով»,-գրում է պարբերականը։
Հենց այդ երեկո Ադաբաշյանը առաջարկություն արեց Կատյային։ Հարցրեց նրան, թե ինչպես է վերաբերվում ամուսնությանը։ Կատյան պատասխանեց՝ դրական։ Հարցին, թե կհամաձայնի՞ արդյոք իր կինը դառնալ, աղջիկը պատասխանեց՝ միանգամայն հնարավոր է։
Սակայն նրանց ամուսնությանը քչերն էին հավատում, համարում էին, որ պարզապես միասին ամուսնության տպավորություն են ստեղծում, երկար ժամանակ անգամ միմյանց «դուք»-ով էին դիմում։ Բանն այն է, որ նրանք շատ տարբեր էին։
Կատյան չէր հասկանում, թե ինչու են Ադաբաշյանն ու Միխալկովն ինչ-որ տեղ կորում մինչև առավոտ, Ալեքսանդրը կասկածամտորեն էր վերաբերում Կատյայի ընկերներին՝ ազատ նկարիչներին։ Նրանք վիճում էին, հաշտվում, սակայն տարիների ընթացքում սովորեցին հարգել միմյանց և գտան այն ընդհանուր կետը, որը երջանկացրեց նրանց։
Կատյան հագուստի մոդելավորող-նկարիչ է, իր ունակությունները փորձել է Նիկիտա Միխալկովի «Հինգ երեկո» և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» ֆիլմերում։ Ալեքսանդրն իր համար ևս մեկ կինոտաղանդ բացահայտեց՝ ռեժիսուրան, մի քանի ֆիլմ նկարահանեց, էկրանավորեց Բորիս Ակունինի «Ազազել» վեպը՝ ՌԴ Առաջին ալիքի համար։