Գույքահարկի փոփոխություններով առաջարկվող հարկման բազաները բարձր չեն, անշարժ գույքի շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյոք կադաստրային արժեքի որոշման հարցում կա՞ կոնկրետ մեթոդաբանություն, և այդ մեթոդաբանության արդյունքում գույքի շուկայական և կադաստրային գինը չե՞ն ունենա մեծ շեղումներ՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը և անշարժ գույքի շուկայում գների տատանողականությունը:
«Կա գնահատման մեթոդաբանություն, որն ամրագրված է օրենքով, ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերին, ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ այդ գնահատման մեթոդաբանությամբ որոշված կանոններով հաշվարկված տվյալները, որոնք հիմնված են 2018-ի տվյալների վրա, մեզ հիմք են տալիս համոզմունք արտահայտելու առ այն, որ ստացված հարկման բազաներն առնվազն բարձր չեն, եթե չասեմ, որ շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ»,- ասաց Պողոսյանը:
Գնահատումը կատարվել է 2018-ի տվյալներով: Փոխնախարարը նկատեց, որ դրան հաջորդող 15 ամսում (նկատի ունի 2018-ի սկզբից մինչև 2020 թվականի մարտըհեղ.), երբ համավարակային իրավիճակ ստեղծվեց, անշարժ գույքի գները շարունակաբար աճել են և ներկայումս էլ առանձնապես անկում չի դիտվում, պարզապես գործարքների թվաքանակի կրճատում է դիտվում: «Վերցված է նաև գնահատված արժեքների 80 տոկոսը, այսինքն՝ 20 տոկոսի շեղում, այդուհանանդերձ, թույլատրված է: Այդ առումով մտավախություն չունենք այս պահին»,- նշեց նա ու հավելեց՝ եթե լինի նման մտավախություն, իրենք կխնդրեն հնարավորություն ընձեռել ու արտահերթ վերագնահատման միջոցառում իրականացնել գույքային միավորների մասով:
Աննա Գրիգորյան