«Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. yerevan.today
Advertisement 1000 x 90

«Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. yerevan.today

Մահվանից երկու տարի անց «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի  մահվան պատճառներն ուսումնասիրող քրգործում ի հայտ եկած նոր հանգամանքներից հետո  քննությունը սառել է, Քննչական կոմիտեում (ՔԿ) գործն առաջ չի գնում։ Երեք տարի, երեք ամիս անց քննությունը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ ով «Հաց բերողին» հասցրեց մահվան:

Հեղափոխությունից հետո իշխանական պատգամավորի մամուլում 2019 սեպտեմբերին սկանդալային արտահոսք եղավ, «փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ երկրորդ կալանավորման ժամանակ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Հաց բերողն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ»: Հիշեցնենք,  Հաց բերողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը իշխանափոխությունից հետո ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Այստեղից Yerevan.Today-ին հայտնեցին՝ որ 2018 դեկտեմբերի 20-ին գործը նորից ուղակվել է Քննչական Կոմիտե(ՔԿ), սակայն մինչ օրս մեղադրյալներ և կասկածյալներ, պարզվում է, չկան: Մեր հարցմանն ի պատասխան՝ արդյո՞ք  այս ընթացքում հարցաքննության են կանչվել Հաց բերողին կրկնակի փորձաքննություն նշանակած ու կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչ Էդիկ Հակոբյանը, միջնորդությունը բավարարած Արթուր Մկրտչյանը, ՔԿ-ից մերժել են ինֆորմացիա տալ՝ այն պատճառաբանությամբ, թե ընթացքի մեջ գտնվող նախաքննական նյութեր չեն կարող հրապարակել:

2017թ․ նշանակված կրկնակի փորձաքննությամբ ՔԿ-ն մինչ օրս չի կարողանում տալ այն պատասխանը՝ թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Հաց բերողին» առաջին անգամ կալանքից ազատման հիմք հանդիսացած Բեխտերևի հիվանդության (անբուժելի) առկայությունը մեկ ամիս տասն օր անց երկորրդ կալանքի միջնորդության ժամանակ այլևս մեղմված էր: Ըստ երկրորդ դատաբժշկական եզրակացության, այդ անբուժելի հիվանդությունը 6 ամիս անց համատեղելի դարձավ կալանավայրի հետ, կնշանակի՝ վերացել էր, այսինքն՝ ՊՊԾ գործով մեղադրյալը այդ հիվանդությունից ազատվել էր (բուժվել էր) առաջին կալանավորման ընթացքում:

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի և Արթուր Վանեցյանի (այն ժամանակ աշխատում էր ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում) վարած բանակցություների արդյունքում «Սասնա ծռերը» որոշում կայացրեցին վայր դնել զենքերը և հանձնվել ԱԱԾ-ին, Հաց բերողի նկատմամբ ևս մեղադրանք առաջադրվեց. նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, կալանավորվեց։

Արթուր Սարգսյանը

Հինգ ամիս անց՝ «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի դիմումի հիման վրա, Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվեց, որ նրա ունեցած Բեխտերևի հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ:

«Բեխտերևի» հիվանդությունը  կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշմամբ ներառվել է  այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում կալանքը համատեղելի չէ:

2016թ. դեկտեմբերի վերջին Հաց բերողի խափանման միջոցը փոխվեց, և նա առաջին անգամ կալանաքից ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին: Ազատության մեջ 1 ամիս 10 օր մնալուց հետո նորից կալանավորվեց: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Հաց բերողը փետրվարի 3-ին չէր ներկայացել հարցաքննության (փաստաբանները թույլ չէին տվել):

Ընդգծենք՝ երկրորդ կալանավորումը, դրա համար հիմք ծառայած՝ մեղադրյալի առողջական վիճակի մասին կրկնակի փորձաքննության եզրակացությունը, մեծ աղմուկ բարձրացրեց՝ ոչ միայն նախորդ փորձաքննությանը հակասելու պատճառով, այլ՝ որովհետև դրանից հետո կտրուկ վատթարացավ «Հաց բերողի» առողջական վիճակը:

Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Խորհրդանշական կերպար դարձած Արթուր Սարգսյանը 10 օր անց «Արմենիա» հիվանդանոցում մահացավ: Նրա մահը վրա էր հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետևանքով։

Կարևոր հիշեցում

Հաց բերողին երկրորդ անգամ բանտ վերադաձնելը մեծ աղմուկ բարձրացրեց, բողոքի ցույց ու երթեր կազմակերպվեցին, մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, Հատուկ քննչական ծառայություն հաց էին տարել:

Հիշեցնենք, Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, 8 օր տևած փորձաքննության եզրակացությունը խիստ կասկածելի հանգամանքներում տրվել էր հենց այն օրը, երբ նրա կրկնակի կալանավորման որոշումն էր կայացվել:  Այս տարօրինակ զուգադիպության մեջ հանցավոր տարրեր էր նկատել անգամ այն ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսանը, որին «Հաց բերողի» մահվանից հետո թիրախավորել էր նախկին ընդիմադիրների բանակը։  Արփինե Հովհաննիսյանը հետագայում սկանդալային հայտարարության մեջ թվել էր Հաց բերողի մահվան մեջ դերակատարում ունեցած պաշտոնյաների անուններ:

Այս ոչ սովորական «զուգադիպությունների» ու դրանց տակ քողարկված պատճառների մասին խոսել էր նաև 2017-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը. «Սկզբնական փորձաքննությունը տևել է մոտ մեկ ամիս, այնինչ՝ երկրորդ հրատապ նշանակվածը՝ մեկ շաբաթ, սա այն դեպքում, երբ ողջամտորեն երկրորդն ավելի երկար պետք է տևեր, քան առաջինը։ Արդյո՞ք արհեստական որոշում է եղել մեկ օրում երկրորդ փորձաքննության նշանակումը։ Շտապողականությունն ու զուգադիպությունները, ողջամտորեն, կասկած են հարուցում»,- հարցազրույցում նկատում է Գ. Կոստանյանը, որին Սերժ Սարգսյանն ազատեց  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից՝ հենց ՊՊԾ գրավման օրերին և այդ պաշտոնին նշանակվեց ներկայիս Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այսպիսով, թե՛ Արփիենե Հովհաննիսյանը, թե՛ Գևորգ Կոստանյանը անուղղակի կերպով մեղադրանքի սլաքներն ուղղում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմը՝ ընդգծելով, որ  կալանքի որոշման համար պատասխանատու է նա և  ՀՔԾ կալանքի միջնորդությունը բավարարած դատավոր Արթուր Մկրտչյանը, որն այս իշխանության օրոք դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Գլխավոր դատախազի արձագանքը՝  պլանավորած կալանավորման մասին կասկածներին

Փաստորեն, կասկածներ կային,  որ ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանն ի սկզբանե տեղեկացված է եղել եզրակացության բովանդակության մասին, թերևս այդ «զուգադիպությամբ» էլ հեշտությամբ երկրորդ անգամ «Հաց բերողին» կալանավորելու միջնորդությամբ է հանդես եկել, ու այն բավարարել է դատավոր Արթուր Մկրտչյանը: Բավականին յուրօրինակ էր գլխավոր դատախազի պատասխանն այս բոլոր հարցադրումներին: Եվ ահա «Հաց բերողի» մահվանից  ամիսներ անց՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, թե «Հաց բերողը» կարող էր նոր հանցագործություն կատարել և նաև դա էր պատճառը, որ նա կրկին կալանավորվեց․ «Գործով տվյալներ էին ստացվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ԱԺ-ում հայտարարել էր   Արթուր Դավթյանը:

Թե ի՞նչ նոր հանցագործություն պետք է կատարեր բազմաթիվ հիվանդություններով տառապող Արթուրը, գլխավոր դատախազն այդպես էլ չէր մանրամասնել, միայն շեշտել էր, որ կրկնակի կալանքի պատճառը հանցագործություն կատարելու բարձր հավանականությունից բացի, այն է, որ Արթուր Սարգսյանը, պատշաճ ծանուցված լինելով հանդերձ, չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին՝ խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Գլխավոր դատախազը շեշտել էր, որ այդ ամենից հետո նախաքննությունն իրականացնող մարմինը շատ իրավաչափ որոշում է կայացրել՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին: «Կրկնակի փորձաքննութամբ ավելի հստակեցվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը, և բացի դրանից, առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն՝ Արթուր Սարգսյանի համապատասխան հիվանդություններն ամբողջապես չէին համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- ասել էր նա:

Ուշագրավ է նույն օրը Գլխավոր դատախազին դիտողություններ արած Նիկոլ Փաշինյանի ելույթըով այն ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր էր. «Բազմաթիվ անբուժելի հիվանդություններով հանդերձ, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելով՝ պարզապես հաշվեհարդար են տեսել: Որովհետև Դուք օրենքով չեք առաջնորդվում, Դուք ամեն օր՝ առավոտ, իրիկուն, Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել: Որովհետև այս մարդը դուրս էր եկել բանտից, որոշակի սիմվոլիկ դերակատարություն էր ստանձնել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի՝ զուգահեռ հերոս լինի․ այս Հայաստանի Հանրապետությունում հերոս մենակ պետք է Սերժ Սարգսյանը լինի»։

Արթուր Դավթյանն էլ իր հերթին հակադարձել էր՝ ափսոսանք հայտնելով, որ իրենից պահանջում են բացահայտել և խիստ պատժել հանցագործ պաշտոնյային և լրագրողի գործունեությանը խոչընդոտած իրավապահներին, բայց ոչ ոք իրենից չպահանջեց ապահովել ՊՊԾ գունդը գրված «Սասնա ծռերի» արդարացի պատիժը:

Ամբողջությամբ՝ yerevan.today